Մոլորություն է կարծել, թե, օրինակ՝ ՌԴ-ի համար ներկայիս արդյունքը եղել է անցանկալի և միայն Արևմուտքի կարիքներն են բավարարվել այս ընտրությամբ. Քաղաքագետ
09/06/2026 12:59

Մոլորություն է կարծել, թե, օրինակ՝ ՌԴ-ի համար ներկայիս արդյունքը եղել է անցանկալի և միայն Արևմուտքի կարիքներն են բավարարվել այս ընտրությամբ. Քաղաքագետ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի  կարծիքով՝ ընտրությունների արդյունքները գնահատելուց առաջ անհրաժեշտ է պարզել, թե որքանով են դրանք արտացոլում քվեարկության իրական պատկերը։

 «Որպեսզի հասկանանք՝ արդյունքները սպասելի էին, թե ոչ, նախ պետք է հասկանալ՝ դրանք արտացոլո՞ւմ են քվեարկության իրական պատկերը։ Եթե չեն արտացոլում, ապա պետք է պարզել՝ որքանո՞վ են շեղված դրանից»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ նման հարցադրումների հիմք է տվել հենց գործող իշխանությունը, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վաղաժամ հաղթանակի մասին հայտարարությունը։

«Ինձ անհասկանալի էր, թե ինչու վարչապետը հաղթանակի մասին հայտարարեց այն փուլում, երբ հաշվարկված էր ձայների ընդամենը մոտ 20 տոկոսը։ Դա, բնականաբար, հարցեր է առաջացնում ընտրությունների արդյունքների արժանահավատության վերաբերյալ»,- նշեց Բադալյանը։

Անդրադառնալով գնահատականներին, թե Հայաստանում կիրառվել է մոլդովական սցենար, քաղաքագետն ընդգծեց, որ նման համեմատությունները լիովին ճշգրիտ չեն։

Նրա խոսքով՝ Մոլդովայում ընտրական գործընթացների ընթացքում հիմնական ընդդիմադիր ուժերի մասնակցությունը սահմանափակված էր, մինչդեռ Հայաստանում նման իրավիճակ չի եղել. 

«Արևմուտքի համար Փաշինյանի վերընտրությունը կարևոր էր և այդ մասին հայտարարել են բացահայտ։ Սակայն պետք է ասենք, որ մոլդովական սցենարը, մեղմ ասած, մի քիչ տարբեր է եղել։ Հիշեցնեմ, որ այնտեղ արգելել էին հիմնական ընդդիմադիր ուժերին մասնակցել ընտրությանը, այս տեսանկյունից սցենարային առումով տարբերություն կա։ Նաև մոլորություն է կարծել, թե օրինակ Ռուսաստանի համար ներկայիս արդյունքը եղել է անցանկալի և միայն Արևմուտքի կարիքներն են բավարարվել այս ընտրությամբ։ Մեղմ ասած, դեռ հարց է, թե ում կարիքներն է ընդգրկուն իմաստով բավարարում վարչապետ Փաշինյանի վերընտրությունը, բայց այն, որ այդ վերընտրության հարցում ՌԴ-ն ունեցել է ծանրակշիռ դերակատարում իր անուղղակի, բայց ծանրակշիռ աջակցությամբ, ինձ համար ակնառու է»։

Անդրադառնալով ընդդիմադիրների՝ մանդատներ վերցնել-չվերցնելուն՝ Բադալյանը շեշտեց. «Կախված է նրանից, թե ինչի համար են վերցնում, կամ ինչի համար չեն վերցնում։ Պետք է բացատրեն՝ ինչի համար են վերցնելու, բացատրեն՝ ինչի համար չեն վերցնում»։

Բադալյանի գնահատմամբ՝ ընտրությունների արդյունքների ձևավորման հարցում իր դերակատարումն ունեցել է նաև ՌԴ-ն․

«Ինձ համար ակնհայտ է, որ Ռուսաստանի ազդեցությունն այս գործընթացներում եղել է՝ թեկուզ անուղղակի, բայց բավականին ծանրակշիռ»։

Խոսելով ընդդիմադիր ուժերի՝ խորհրդարանական մանդատները վերցնելու կամ հրաժարվելու հնարավոր որոշման մասին՝ Բադալյանը նշեց, որ կարևոր է ոչ թե որոշումն ինքնին, այլ դրա հիմնավորումը։

«Եթե վերցնում են մանդատները, պետք է բացատրեն՝ ինչու։ Եթե չեն վերցնում, նույնպես պետք է հստակ ներկայացնեն պատճառները»,- եզրափակել է նա։

Հեղինակ`Դուսյա Ղազարյան
Մոլորություն է կարծել, թե, օրինակ՝ ՌԴ-ի համար ներկայիս արդյունքը եղել է անցանկալի և միայն Արևմուտքի կարիքներն են բավարարվել այս ընտրությամբ. Քաղաքագետ