Մանդատներից հրաժարվել կարելի է ցանկացած պահի, սակայն պետք է հասկանալ՝ երբ է ճիշտ պահը
09/06/2026 22:50

Մանդատներից հրաժարվել կարելի է ցանկացած պահի, սակայն պետք է հասկանալ՝ երբ է ճիշտ պահը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանն արձագանքել է հանրային քննարկումներին՝ ճի՞շտ է արդյոք մանդատները վերցնելը՝ կեղծված ընտրությունների պարագայում, թե՞ ոչ։ Ղազարյանն արձագանքել է նաև կոչերին, թե ընդդիմությունը ոչ մի դեպքում չպետք է վերցնի մանդատները։

«Ներկայացնում են, թե մենք ձեզ ձայն չենք տվել, որ դուք գնաք՝ ՔՊ-ի համար ընդդիմություն աշխատեք, դրա համար աշխատավարձ ստանաք ... Ո՞վ է ասում, որ մանդատ վերցնելու մասին որոշում է կլայացվել կամ չի կայացվել, իրենք իրենց համար վերսիաներ են առաջ քաշում սկսում են քննարկել, քննադատել...»,- ասել է Ղազարյանը՝ շեշտելով՝ ինչպես մանդատները վերցնելու, այնպես էլ դրանցից հրաժարվելու մասին որոշում դեռ չի կայացվել, կայացնելուց էլ այդ որոշումը պետք է կշռադատված լինի։

«Ամեն ինչը պետք է քննարկել հետագա քաղաքական պայքարի համատեքստում։ Մեր պայքարը չի ավարտվել, մենք չենք հաշտվելու նրա հետ, որ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը յուրացրել է։  Հիմա քննարկում ենք՝ այդ պայքարի հետագա ընթացքում ի՞նչ կարգավիճակ է պետք, ի՞նչ գործողություններ են պետք, Սահմանադրությունն ի՞նչ հնարավորություններ է տալիս, իրավական գործիքակազմը ո՞րն է...

Կարող է նաև որոշում կայացվել, որ բոլորը մանդատներից հրաժարվեն, բայց այդ դեպքում ՔՊ-ն մեծամասնություն կձևավորի, կառավարություն կձևավորի, անխռով, հանգիստ, 5 տարի ինչ որոշում ուզի՝ կկայացնի, ու 5 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանին ոչ ոք իշխանությունից հեռացնելու իրավական հնարավորություն այլևս չի ունենա»,- ասել է Ղազարյանը։

Նա շեշտել է՝ մանդատներից հրաժարվել կարելի է ցանկացած պահի, սակայն պետք է հասկանալ՝ երբ է ճիշտ պահը։

«Հրաժարվել կարելի է, բայց հետ բերել չի ստացվի։

Ենթադրենք՝ գալիս է մի իրավիճակ, որ հնարավորություն է առաջանում խորհրդարանի միջոցով հեռացնել Փաշինյանին։ Եթե դու խորհրդարանում չես, դա չես կարող անել։

Մանդատներից հրաժարվելը  կարող է դիտարկվել որպես շատ խելամիտ որոշում, բայց պետք է հասկանալ, թե այդ խելամիտ որոշումը ժամանակագրական իմաստով երբ է ճիշտ կայացնել, ու երբ է ճիշտ կայացնել մի նպատակով՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով, քանի որ մեր պայքարը նրա դեմ չի ավարտվել, տեղափոխվել է այլ փուլ։

Պայքարը շարունակում ենք, ու պետք է  հասկանանք՝  որ կարգավիճակում է այն ճիշտ շարունակելը։ Եթե ճիշտ ու արդյունավետ է մանդատներից այսօր հրաժարվելը, այսօր կհրաժարվենք, եթե ճիշտ է դա անել 6 ամիս հետո, ուրեմն՝ 6 ամիս հետո կարվի»,- ասել է նա։

Մանդատներից հրաժարվել կարելի է ցանկացած պահի, սակայն պետք է հասկանալ՝ երբ է ճիշտ պահը