.jpg)
Ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ոչնչացրեց վերջին մաքրությունը, որը բերել էր 2018-ը՝ արդար, թափանցիկ և ազնիվ ընտրությունների գաղափարը. Ասլանյան
ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը խիստ բացասական է գնահատում խորհրդարանական ընտրությունների ընթացքն ու արդյունքները՝ պնդելով, որ դրանք չեն համապատասխանում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների չափանիշներին։
«Շատ եմ ցավում, որ Նիկոլ Փաշինյանը ոչնչացրեց վերջին այն մաքրությունը, որը բերել էր 2018 թվականը։ Դրանք արդար և թափանցիկ, ազնիվ ընտրություններն էին։ Նախորդ ընտրությունների ժամանակ ինքը չէր գնացել դրան, բայց այս ընտրություններին ամբողջությամբ խեղաթյուրեցին ազատ, անկախ ու ազնիվ ընտրություններ հասկացողությունը։ Չկա այդպիսի բան։ Ես դա ասում եմ առանց վարանելու»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ասլանյանը։
Պատգամավորի խոսքով՝ խնդիրը միայն ընտրական օրվա խախտումները չեն, այլ այն քաղաքական և վարչական գործընթացները, որոնք նախորդել են քվեարկությանը։
Ասլանյանը, մասնավորապես, անդրադարձավ ընտրություններից առաջ թոշակների բարձրացման որոշմանը՝ այն դիտարկելով որպես ընտրողների վրա ազդելու փորձ և կաշառք։
«Օրինակ՝ իշխանություններն ընդդիմությանը մեղադրում են կաշառք տալու մեջ, բայց ամենամեծ կաշառատուն իշխանությունն էր։ Դրա վառ ապացույցը թոշակների բարձրացումն էր։
Նախ ասեմ, որ ներսում պարոն Աղազարյանի հետ ընդդիմություն ենք եղել, որը ժողովուրդն այդքան էլ չի գիտակցել։ Եղել ենք ընդդիմություն, որ իշխանության կապերը մի քիչ ձգված լինեն, իսկ մեզ վռնդելուց հետո կապերն ամբողջությամբ բաց թողեցին։
2025 թվականի նոյեմբերին բյուջեի քննարկում էր, և երբ մենք թոշակների և աշխատավարձերի բարձրացման հարց էինք բարձրացնում, պարզ հայտարարվեց, որ դրա համար ոչ մի հնարավորություն չունենք։ Բայց հանկարծ ապրիլին թոշակները 30 տոկոսով բարձրանում են։ Դա կաշա՞ռք չէր, խաբկա՞նք չէր, 600 հազարից ավելի թոշակառուներին կաշառք տրվեց, բայց ո՞ւմ հաշվին տրվեց, կրճատվեց Պաշտպանության նախարարության բյուջեն։ Դա ամենամեծ վտանգն էր երկրի համար»,-ասաց նա։
ՔՊ նախկին պատգամավորը նաև քննադատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ վաղաժամ հայտարարությունները։
«Երբ ձայների հաշվարկը դեռ ավարտված չէր, վարչապետն արդեն հայտարարում էր հաղթանակի մասին։ Սա բազմաթիվ հարցեր է առաջացնում և հիմք տալիս կասկածելու գործընթացի անաչառությանը։ Իրավաբանորեն ինքը իրավունք չուներ նման հապճեպ հայտարարություն անելու։ Եթե այս ամենը դիտարկենք, ապա կարելի է ասել, որ ընտրությունները եղել են «կոնտրոլի» տակ։ Դա ինձ արդեն իրավունք է տալիս ասելու, որ ամեն ինչ արդեն նախատեսված, արված էր նախապես»,-հավելեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ նախընտրական շրջանում առկա են եղել նաև վարչական ճնշումների և վախի մթնոլորտի մասին բազմաթիվ տեղեկություններ. «Տարբեր մարդկանց նկատմամբ կիրառվել են ճնշումներ, եղել են աշխատանքից ազատումների և պահանջների ներկայացման դեպքեր։ Այս ամենը թույլ չի տալիս ընտրությունները գնահատել որպես լիարժեք ազատ և արդար»։
Ասլանյանի համոզմամբ՝ ընդդիմադիր ուժերը պետք է լրջորեն քննարկեն խորհրդարանական մանդատները վերցնելու հարցը։
«Միանշանակ պետք է չվերցնեն։ Եթե ընդդիմությունը վերցնում է մանդատները, ապա փաստացի ընդունում և լեգիտիմացնում է ընտրությունների արդյունքները։ Այդ պատճառով այս հարցը պահանջում է շատ լուրջ քաղաքական գնահատական»,- եզրափակեց նա։