Այս իշխանությունն արեց ամեն ինչ, որ մեր ներքաղաքական կյանքը դառնա արտաքին ուժերի և դերակատարների մրցակցության առարկա. Քաղաքագետ
10/06/2026 22:26

Այս իշխանությունն արեց ամեն ինչ, որ մեր ներքաղաքական կյանքը դառնա արտաքին ուժերի և դերակատարների մրցակցության առարկա. Քաղաքագետ

Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո տարբեր արձագանքներ եղան արտաքին տարբեր դերակատարների կողմից։

Քաղաքագետ, պատմաբան Գագիկ Համբարյանը Aysor.am-ի հետ զրույցում նշեց.

«Հայաստանի Հանրապետության իշխանությունները դեռևս  ընտրություններից առաջ սկսել էին երկրի ներքաղաքական գործընթացներում ներգրավել նաև արտաքին դերակատարների։ Այս իշխանությունն արեց ամեն ինչ, որ մեր ներքաղաքական կյանքը դառնա տարբեր պետությունների քննարկան հարց, և նրանք էլ իրենց արտաքին քաղաքական շահերից ելնելով՝ մեր ընտրությունները սկսեցին օգտագործել իրենց համար։

Արդյունքում, Ազգային ժողովի ընտրությունները աստիճանաբար հայտնվեցին միջազգային խոշոր դերակատարների ուշադրության կենտրոնում։ Նույնիսկ Ռուսաստանի Դաշնությունը Վլադիմիր Պուտինի մակարդակով քաղաքական խորհուրդներ էր տալիս՝ կապված ներքաղաքական գործընթացների և ընտրությունների հետ։ Ընտրություններից հետո արտաքին դերակատարների արձագանքները բավականին արագ և տարբեր էին։ Տարբեր պետություններ, իրենց արտաքին քաղաքական շահերից ելնելով, սկսեցին արձագանքել Հայաստանի ընտրություններին՝ շնորհավորանքներով կամ չեզոքությամբ ցույց տալով իրենց վերաբերմունքը ընտրության արդյունքներին և Հայաստանում ներքաղաքական իրավիճակներին»։

Համբարյանի խոսքով՝ այս իրավիճակում Հայաստանի ներքաղաքական գործընթացները մտել են արտաքին ուժերի փոխազդեցության և մրցակցության դաշտ։ Ինչ վերաբերում է մոտական 5 տարիներին Հայաստանի՝ արտաքին քաղաքականության մասին կանխատեսումներին, ապա քաղաքագետն ընդգծում է՝ արտաքին քաղաքականություն, որպես այդպիսին, չկա.

«Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես արտաքին քաղաքականություն վարել չգիտի։ Եթե գնում է Մոսկվա, համաձայնվում է Պուտինի հետ, գնում է Բրյուսել՝ նույն տրամաբանությամբ այնտեղ է  խոստումներ է տալիս, գնում է Փարիզ՝ կրկնում է նույնը, Թեհրան՝ նույնը, Վաշինգտոն՝ կրկին խոստումներ։ Այսպես արտաքին հարաբերություններ կառուցել հնարավոր չէ, այսպես երկարաժամկետ կայունություն չես կարող ապահովել։ Իր այդ ոճով Փաշինյանը փորձում է շարունակել հարաբերությունները, բայց դա չի տալիս համակարգային արդյունք։ Իշխանությունները թեև այլ բան են ներկայացնում ժողովրդին, բայց հատկանշական է, որ հենց այս իշխանության ժամանակ եռակի շատ ենք կախված դարձել Ռուսաստանից, այն ահռելի ազդեցություն ունի մեր տնտեսության վրա։ Վերջին 4 տարիների ընթացքում Հայաստանի պետական բյուջեն աճել է նաև Ռուսաստանի հետ կապված տնտեսական գործոնների ազդեցությամբ։ Մասնավորապես՝ Ռուսաստանը որոշ դեպքերում Հայաստանի միջոցով իրականացնում է այնպիսի ապրանքների վերաարտահանում, որոնք Արևմուտքի պատժամիջոցների պատճառով հնարավոր չէ ուղիղ ներմուծել Ռուսաստան։

Այս իրավիճակը, որն ունենք այսօր, ստեղծվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի  վարած սխալ, անհեռատես քաղաքականության պատճառով»։ 

Այս իշխանությունն արեց ամեն ինչ, որ մեր ներքաղաքական կյանքը դառնա արտաքին ուժերի և դերակատարների մրցակցության առարկա. Քաղաքագետ