.jpg)
Քննարկվել է ՔԿՀ-ներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նորարարական տեխնիկական լուծումների անհրաժեշտությունը
Քրեակատարողական ծառայության շտաբի պետի տեղակալ, արդարադատության մայոր Ռաֆայել Հարությունյանը մասնակցել է Մալթայի Հանրապետությունում կայացած Բանտային և ուղղիչ ծառայությունների եվրոպական կազմակերպության (Europris) 15-րդ տարեկան ընդհանուր ժողովին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների ղեկավարների՝ «Հատուկ կարիքներ և խոցելիություններ ունեցող անձինք» խորագրով 31-րդ համաժողովին։
Պաշտոնական միջոցառումներին քննարկվել են նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, ծրագրերը և գրանցված արդյունքները, միաժամանակ նախանշվել են 2026-2027թթ․ նախատեսվող ծրագրերը և նախաձեռնությունները։ Առանձնակի ուշադրություն է դարձվել օտարերկրացի ազատազրկված անձանց պահման առանձնահատկություններին, ինչպես նաև կին, տարեց և հենաշարժողական խնդիրներ ունեցող ազատազրկված անձանց կարիքներին ու խոցելիությանը։
Ռաֆայել Հարությունյանը պանելային քննարկման ընթացքում ներկայացրել է Europris-ին Հայաստանի անդամակցության ուղին, նպատակները և արդյունավետությունը կազմակերպության տեղեկատվական հարթակների կիրառմամբ ոլորտային բարեփոխումներ իրականացնելու, համակարգը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համատեքստում։
Քննարկվել է նաև քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նորարարական տեխնիկական լուծումների անհրաժեշտությունը։ Միջազգային գործընկերներին ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Միջոցառումների շրջանակներում պատվիրակներն այցելել են նաև Մալթայի միակ «Կորադինո» քրեակատարողական հիմնարկը, որտեղ ծանոթացել են արական և իգական սեռի ազատազրկված անձանց պահման պայմաններին, վերասոցիալականացման ծրագրերին, սննդի պատրաստման գործընթացներին, բուժսպասարկման կազմակերպմանը և աշխատանքային զբաղվածության հնարավորություններին։