Լավագույն աշակերտները հաճախ չեն դառնում ուսանող․ ընդունելության կարգի խնդիրները լուծված չեն. կրթության փորձագետ
11/06/2026 14:29

Լավագույն աշակերտները հաճախ չեն դառնում ուսանող․ ընդունելության կարգի խնդիրները լուծված չեն. կրթության փորձագետ

Վաղվանից հանրապետությունում մեկնարկում են ընդունելության միասնական քննությունները։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի գնահատմամբ՝ ընդունելության կարգում անցած տարվա համեմատ որևէ էական փոփոխություն չի կատարվել, ինչը նշանակում է, որ նախկինում առկա խնդիրները շարունակում են մնալ։

 «Մասնավորապես, այն պահանջը, որ դիմորդը պետք է անպայման դիմի կոնկրետ բուհ՝ կոնկրետ մասնագիտությամբ, դա խնդրահարույց է այն օրվանից, երբ մուտք եղավ մեր համակարգ։ Ապագա շատ լավ ուսանողներ, այսօրվա դիմորդներ կարող են լավ մասնագիտությունների դիմել և մրցույթից դուրս մնալ, իսկ մյուս մասնագիտություններով դիմելու համար այլևս տեղ մնացած չլինի, քանի որ իրենք  ընդամենը մեկ տեղ իրավունք ունեն դիմելու։ Եվ շատերը, դա հաշվի առնելով, դիմում են ՀՀ-ում բարձր հեղինակություն ունեցող մասնագիտություններով, մրցույթից դուրս մնալու պարագայում նրանք ուղղակի հանրապետությունից են դուրս գալիս, որը շատ անցանկալի է»,-Aysor.am- ի հետ զրույցում ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ գործող համակարգի պայմաններում հաճախ լավագույն աշակերտները չեն դառնում ուսանողներ։

Նա հիշեցրեց, որ նախկինում դիմորդները կարող էին միաժամանակ մի քանի մասնագիտությունների մրցույթների մասնակցել և իրենց տեղը գտնել բարձրագույն կրթության համակարգում։

Մխիթարյանը խնդրահարույց է համարում նաև այն, որ բուհերը փաստացի չեն որոշում, թե ովքեր են դառնալու իրենց ուսանողները. «Որոշում է նախարարությունը, քանի որ հատկացնում է համապատասխան տեղեր, հետո դիմորդը դիմում է, ընդունվում է կոնկրետ մասնագիտությամբ բուհ և բուհն այստեղ որևէ խնդիր չի կարող լուծել։ Այսինքն բուհը որևէ կոնկրետ ազդեցություն իր ուսանողների ընտրության հարցում չունի։ Երբ այս մասին մենք պատմում ենք մեր միջազգային փորձագետներին, ծիծաղում են։ Սա Խորհրդային Միությունից եկած թերություն է, որը դեռևս մնում է։ Այն ժամանակ կար պլանային տնտեսություն, պետությունը պլանավորում էր ընդունելությունը, բայց այն պայմանով, որ ավարտելուց հետո ուսանողը երաշխավորված աշխատանք ուներ։ Իսկ հիմա պետությունը ձեռքերը լվանում է այն ժամանակ, երբ ուսանողն ավարտում է։ Իր հատկացրած տեղը լավ գնահատականներով ավարտած ուսանողը մնում է խաղից դուրս վիճակում, քանի որ պետությունը որևէ պարտավորություն այդ ուսանողի նկատմամաբ չունի, որպեսզի նրա պոտենցիալը կարողանա օգտագործել հետագայում ՀՀ տնտեսության մեջ»։

Փորձագետի կարծիքով՝ համակարգի մեկ այլ լուրջ թերություն աշխատաշուկայի և կրթության միջև կապի բացակայությունն է։ Նրա խոսքով՝ բազմաթիվ կարևոր մասնագիտություններ տարիներ շարունակ մնում են առանց դիմորդների։

«Այսօր դիմորդները հիմնականում ընտրում են այն ոլորտները, որտեղ ավելի բարձր աշխատավարձի ակնկալիք կա։ Այդ պատճառով գյուղատնտեսական, մանկավարժական և մի շարք այլ անհրաժեշտ մասնագիտություններում հաճախ զրոյական կամ շատ քիչ դիմորդներ են լինում»,- շեշտեց Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ այս տարի ևս ամենապահանջված մասնագիտությունները մնացել են նույնը՝ տնտեսագիտություն, կառավարում, բանկային գործ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ծրագրավորում, բժշկություն, իրավագիտություն և օտար լեզուներ։

Մխիթարյանը նաև հետաքրքիր միտում է արձանագրել․«Օտար լեզուներից քննություն հանձնողների թիվն ավելի մեծ է, քան հայոց լեզվից քննություն տվողներինը։ Շատ դիմորդներ կարծում են, որ հատկապես անգլերենը հանձնելն ավելի հեշտ է, քան հայոց լեզուն»,- եզրափակեց նա։

Հեղինակ`Դուսյա Ղազարյան
Լավագույն աշակերտները հաճախ չեն դառնում ուսանող․ ընդունելության կարգի խնդիրները լուծված չեն. կրթության փորձագետ