.jpg)
Դուրս կշպրտեն դիտորդներին, ամեն մեկը իր տեղը պետք է իմանա․ ինչ է արձանագրել «Ազատ քվե» առաքելությունը
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացված ԱԺ ընտրությունների ընթացքում մի շարք տեղամասերում արձանագրվել են կազմակերպչական, ընթացակարգային և վարչարարական բնույթի խախտումներ ու թերություններ, որոնց մի մասը կրել է կրկնվող բնույթ։
Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ քվե» դիտորդական առաքելության ղեկավար Գրիգոր Ջանիկյանը։
Նրա խոսքով՝ առավել հաճախ հանդիպած խնդիրներից են ընտրատեղամասերի անմատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց, ընտրողների ցուցակների ոչ պատշաճ հասանելիությունը, քվեաթերթիկների կառավարման և բաշխման կարգի խախտումները, քվեաթերթիկների տրամադրման գործընթացում մեկից ավելի հանձնաժողովի անդամների ներգրավվածությունը, բաց քվեարկության և քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտման դեպքերը, դիտորդների գործունեությանը խոչընդոտելու և նրանց նկատմամբ ճնշման առանձին փորձերը, քարոզչական նյութերի կամ խորհրդանիշների առկայությունը ընտրատեղամասերում և դրանց հարակից տարածքներում, ընտրական հանձնաժողովների անդամների կողմից ընթացակարգերի ոչ միատեսակ կիրարկումը, ինչպես նաև տեսանկարահանող սարքերի բացակայության կամ ոչ լիարժեք աշխատանքի առանձին դեպքերը։
Դիտորդական առաքելությունն արձանագրել է նաև մի շարք միջադեպեր, որոնք պահանջում են լրացուցիչ ուսումնասիրություն և իրավական գնահատում։ Մասնավորապես, 23/15 և 24/23 ընտրատեղամասերում արձանագրվել են արդյունքների հաշվարկի և փաստաթղթավորման անհամապատասխանություններ, 37/37 ընտրատեղամասում՝ ընտրողի նույնականացման սարքերի տվյալների անհամապատասխանության դեպք։
31/45 ընտրատեղամասում ընտրողը փաստացի զրկվել է քվեարկելու հնարավորությունից՝ հանձնաժողովի կողմից կտրոնի կորստի հետևանքով, իսկ խախտման փաստի արձանագրումը մերժվել է մինչև դիտորդական առաքելության ղեկավարության միջամտությունը։ Իսկ 24/11 ընտրատեղամասում ստացվել է տեղեկություն, համաձայն որի՝ ընտրողին հորդորվել է ընտրատեղամասից դուրս բերել չօգտագործված քվեաթերթիկները՝ որպես քվեարկության ապացույց։
Գրիգոր Ջանիկյանն անդրադարձավ նաև 35/65 ընտրատեղամասում շուրջ 480 զինծառայողների զանգվածային քվեարկության դեպքին՝ նշելով, որ սահմանափակվել է գործընթացի պատշաճ վերահսկողության հնարավորությունը, ինչը էական ռիսկեր է առաջացրել քվեարկության գաղտնիության, ընտրողների ազատ կամարտահայտության և ընտրական ընթացակարգերի պահպանման տեսանկյունից։ Դիտորդական առաքելության ղեկավարը մտահոգիչ է համարում հատկապես ընտրական հանձնաժողովների անդամների ոչ բավարար պատրաստվածությունը, ընտրական օրենսդրության և ընթացակարգերի ոչ միատեսակ կիրառումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ բազմաթիվ դեպքերում խնդիրների լուծումը հնարավոր է դարձել միայն վերադաս մարմինների միջամտությունից հետո։
Գրիգոր Ջանիկյանը նշեց նաև, որ ճնշման փորձեր են եղել դիտորդների նկատմամբ։
Նրա խոսքով՝ անգամ ԸԸՀ միջամտությունից հետո կուսակցություններից մեկի վստահված անձը չէր դադարեցնում անպարկեշտ պահվածքը, իսկ հանձնաժողովի նախագահը ցուցաբերել է լիակատար անգործություն։
«Գյուլագարակի 22/32 ընտրատեղամասում կուսակցություններից մեկի վստահված անձը անպարկեշտ պահվածք է դրսևորել։ Նա ասել է, թե դա փոքր համայնք է, և մեր դիտորդը պետք է այստեղ շարունակի ապրել, հայտարարել է, թե դուրս կշպրտեն դիտորդներին, և որ «ամեն մեկը պետք է իր տեղն իմանա»։
Նույնպիսի միջադեպ է արձանագրվել նաև շրջիկ դիտորդի նկատմամբ․ նրան քաշքշել են։ Միայն ԿԸՀ միջամտությունից հետո ԸԸՀ ներկայացուցիչները ժամանել են տեղամաս, կազմվել է արձանագրություն, և իրավիճակը հարթվել է։ Ի դեպ, նույն տեղամասում հաշվարկն իրականացվում էր տեսախցիկներից բավական հեռու, և կրկին ստիպված ենք եղել դիմել ԿԸՀ-ին՝ խնդիրը կարգավորելու համար»,- հավելեց նա։
Առաքելությունը կոչ է անում իրավասու մարմիններին ապահովել արձանագրված բոլոր դեպքերի լիարժեք ուսումնասիրությունը, հրապարակային պարզաբանումների տրամադրումը և անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը՝ ապագայում նմանատիպ խախտումների կրկնությունը բացառելու նպատակով։
Նշենք, որ «Ազատ քվե» դիտորդական առաքելությունն իրականացվել է «Երիտասարդները հանուն փոփոխության» և «Մենք Լոռու մարզի երիտասարդական» հասարակական կազմակերպությունների կողմից։ Առաքելությունն իրականացրել է կարճաժամկետ դիտորդություն Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 21 համայնքներում՝ ընդգրկելով 25 ընտրատեղամաս։ Դիտարկմանը մասնակցել են 53 դիտորդներ, գործել է արագ արձագանքման խումբ Գյումրիում, ինչպես նաև կենտրոնացված համակարգման խումբ, որը հետևել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուղիղ հեռարձակումներին, ընտրական գործընթացի վերաբերյալ հրապարակումներին և դիտորդներից ստացվող ահազանգերին։ «Ազատ քվե» դիտորդական առաքելությունը շարունակելու է հավաքագրված փաստերի վերլուծությունը և առաջիկայում կհրապարակի իր ամբողջական վերջնական զեկույցը՝ համապատասխան եզրակացություններով և առաջարկություններով։