Մարդիկ տարիներով մթերքը ՌԴ են ուղարկել, իրենց համար էլ է շոկային Հունաստան ուղարկելը. Պապոյան
11/06/2026 11:21

Մարդիկ տարիներով մթերքը ՌԴ են ուղարկել, իրենց համար էլ է շոկային Հունաստան ուղարկելը. Պապոյան

Արդեն իսկ գյուղմթերք ունենք, որն արտահանվել է Վրաստան, Հունաստան. Ուկրաինա, Ղազախստան և այլ երկրներ, այս մասին խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նախարարն այդպես էլ արտահանման ծավալներ չնշեց, միայն ընդգծեց, որ ակնկալում են արտահանման շատ ավելի մեծ ծավալներ:

Բացի այդ, նա նաև հայտնեց, որ կառավարության նիստում մեկ այլ աջակցության ծրագիր ևս կընդունվի, այս դեպքում արդեն ոչ ջերմոցային արտադրանքի արտահանման տրանսպորտային ծախսերի համար սուբսիդավորում կտրամադրվի:

«Արտահանման ծավալները շարունակական ավելանում են, մեր ապրանքները որակապես չեն զիջում եվրոպական չափանիշներին: Խնդիրն ընդամենը մեկն է՝ այո՛, լոգիստիկան բարդ է, լոգիստիկան երկար է, հեռու է, փակ սահմաններ, ծովի ելքի բացակայություն, տրանզիտ ժամանակի երկարություն, սրանք, բնականաբար, գնի վրա ազդում են և ազդում են գնային առումով մրցունակության վրա: Որակական առումով մրցունակության խնդիր հայկական ապրանքը չունի, և վաղուց անցել են այն ժամանակները, որ ասում էին, թե մեր ապրանքներն ո՞վ կառնի․ մերը որակով չէ: Այն ելակը, որն արտադրվում է Հայաստանում, այն ելակն է, ինչ արտադրվում է Ֆրանսիայում: Նույն մեթոդներով և տեխնոլոգիայով է աճեցվում, և չկա մի բան, որով տարբերվում է»,- մատնանշեց նախարարը:

Պապոյանը շեշտեց, որ հայկական արտադրանքը նոր շուկաներ արտահանելու հետ կապված խնդիրներ  կան:

«Միայն այն է, որ մարդիկ տարիներով իրենց արտադրանքն արտահանել են ՌԴ, իսկ հիմա Հունաստան, իրենց համար արդեն իսկ շոկային է, նոր բան պիտի սովորեն, նոր տրանզիտի հետ կապված օրենսդրական խնդիրներ կան»,- նկատեց Էկոնոմիկայի նախարարը: