Հայաստանում և Ադրբեջանում միանման բռնաճնշումներ են իրականացվում. Գառնիկ Դավթյան
12/06/2026 20:27

Հայաստանում և Ադրբեջանում միանման բռնաճնշումներ են իրականացվում. Գառնիկ Դավթյան

Ադրբեջանն ուշի-ուշով հետևում էր Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, քվեարկության գործընթացին, իսկ այժմ՝ նաև հետընտրական զարգացումներին։

Ադրբեջանի հարցերով փորձագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գառնիկ Դավթյանը Aysor.am-ի հետ զրույցում հիշեցնում է՝ ընտրություններից առաջ ադրբեջանցի բլոգերները բացահայտ աջակցում էին Նիկոլ Փաշինյանին՝  հայերին կոչ անելով իրենց ձայնը տալ նրան։ 

«Նման կոչերը բազմաթիվ էին, կային նաև հստակ ուղղորդումներ։ Շատ լավ գիտենք, որ Ադրբեջանում նման գործընթացները չեն կարող տեղի ունենալ առանց իշխանությունների գիտության և համաձայնության, այնտեղ նույնիսկ ճյուղը չի շարժվում՝ առանց Իլհամ Ալիևի կամքի։ Հետևաբար, այդ ուղղորդումները և Նիկոլ Փաշինյանի օգտին ձևավորված աջակցության ալիքը խոսում են այն մասին, որ Ադրբեջանում նրան ցանկանում էին կրկին տեսնել Հայաստանի վարչապետ»։

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներից մեկն էլ հայտարարել էր,  որ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը Ալիևի ռազմավարական հաղթանակներից մեկն է։

«Ադրբեջանում համոզված են, որ գործ ունեն մի մարդու հետ, ով պատրաստ է կատարել իրենց շահերից բխող քայլեր և առաջ տանել այն օրակարգը, որն Ադրբեջանն է ցանկանում, այդ թվում՝  «խաղաղության գործընթացի» և Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցում։ Սակայն Հայաստանում իրավիճակը որոշակիորեն այլ զարգացում ստացավ, փորձ է արվում այնպես ամփոփել ընտրությունների արդյունքները, որ ԲՀԿ-ն զրկվի խորհրդարան անցնելու հնարավորությունից։ Նիկոլ Փաշինյանի հրահանգով հատուկ չեղյալ են հայտարարում այն ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, որտեղ ԲՀԿ-ն բավականին շատ ձայն է հավաքել։

Մինչդեռ նախնական տվյալները  ցույց էին տալիս, որ ԲՀԿ-ն խորհրդարան անցնելու մեծ շանսեր ունի, և դա կարող էր էական ազդեցություն ունենալ սահմանադրական փոփոխությունների հետ կապված հետագա գործընթացների վրա։

Ուստի այն ակնկալիքները, որոնք Ադրբեջանը կապում էր Սահմանադրության փոփոխության հարցը ԱԺ-ի միջոցով իրականացնելու հետ, ԲՀԿ-ի ներկայության պայմաններում կարող են բարդանալ։ Եվ այսօր, երբ իշխանությունները տեսնում են, որ Ալիևի ակնկալիքները հնարավոր չէ իրականացնել այն ձևով, ինչպես Ադրբեջանն է պատկերացնում, փորձում են  քաղաքական գործընթացներից դուրս թողնել ԲՀԿ-ին՝ դրանով իսկ նպաստելով այդ պահանջների իրականացմանը»,- ասում է Դավթյանը։

Նրա բնորոշմամբ՝ Ադրբեջանում և Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումները միանման են.

«Ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը դասընթացներ է անցել Ալիևի մոտ, թե ինչպես և ինչ մեթոդներով կարելի է բռնաճնշումների դիմել և, իհարկե, կրկնօրինակել է այն ռեպրեսիվ գործիքները, որոնք կան Ադրբեջանում»։