«Հայաստան» դաշինքի անդամները ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին են ներկայացրել իրենց գնահատականը ընտրախախտումների վերաբերյալ
16/06/2026 21:13

«Հայաստան» դաշինքի անդամները ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին են ներկայացրել իրենց գնահատականը ընտրախախտումների վերաբերյալ

«Այսօր  Արթուր Խաչատրյանը և ես հանդիպել ենք ԵԱՀԿ ԽՎ ԺՀՄԻԳ եկարատև դիտորդական առաքելության անդամներ Վլադիմիր Միսևի, Ելիզավետ Կարագիանիդուի և Սմարանդա Սանդու Լեսկուի հետ, փոխանցել «Հայաստան» դաշինքի տեղեկանքը հետընտրական զարգացումների առնչությամբ»,- հայտնել է դաշինքի անդամ լիլիթ Գալստյանը։

Նա նշել է նաև.

«Ներկայացրել ենք մեր մոտեցումները և գնահատականները խորհրդարանական ընտրությունների արդյունքների, նախընտրական և հետընտրական զարգացումների և տեղ գտած մասսայական և փաստարկված ընտրախախտումների վերաբերյալ։

Մասնավորապես անդրադարձել ենք հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ ամփոփիչ եզրակացությանը և հատկապես 10/51, 12/13 և 35/65 ընտրատեղամասերի արդյունքների չեղարկմանը/ անվավեր ճանաչելուն։

ԿԸՀ որոշումը մեր կողմից գնահատվել է ոչ իրավաչափ և ժողովրդավարության սկզբունքներին դեմ, քանի որ տվյալ տեղամասերի արդյունքները չեղյալ համարելուն զուգահեռ, չորդեգրելով կամ չսահմանելով կրկնակի ընտրություններ, ԿԸՀ-ն ոտնահարում է ՀՀ հազարավոր քաղաքացիների ընտրության իրավունքը և ԱԺ ձևավորման մեջ նրանց դերակատարությունը։

Միաժամանակ, գտնում ենք, որ Ընտրական օրենսգիրքը սահմանել է նման իրավիճակներ լուծելու մեխանիզմ։

Ընտրատեղամասի արդյունքները անվավեր հռչակելն ու կրկնակի ընտրություն չսահմանելը հակասում է Ընտրական օրենսգրքի 95 և 101 հոդվածներով սահմանված ընտրանքներին։

Ավելի քան ակնհայտ է և ցցուն տվյալ քայլի քաղաքական ենթատեքստը․ 10/51, 12/13 և 35/65 քվեասենյակների արդյունքների անվավեր ճանաչման արդյունքում ԲՀԿ-ն կորցրել է 222 ձայն՝ միաժամանակ դուրս մնալով խորհրդարանում ներկայացված լիննելու հնարավորությունից։

Սա ամբողջությամբ խեղում է ոչ միայն ընտրողների ձայնը, կամարտահայտությունը, այլև հայ հանրությանը միանգամայն այլ քաղաքական կոնֆիգուրացիա է պարտադրվում՝ ուզուրպացնելով ընտրողների և ԲՀԿ ձայները։

ԿԸՀ-ի որոշման օրինականությունն ու համաչափությունը և առհասարակ ընտրությունների լեգիտիմությունը «Հայաստան» Դաշինքը վիճարկելու է Սահմանադրական Դատարանում։

ODIHR-ից և այլ միջազգային ընտրական դիտորդական առաքելություններից ակնկալում ենք անաչառ գնահատական և հավատարմություն ժողովրդավարական ինստիտուտների հայտարարված սկզբունքներին»։  

«Հայաստան» դաշինքի անդամները ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին են ներկայացրել իրենց գնահատականը ընտրախախտումների վերաբերյալ