.jpg)
Երկրում քաղաքական «վակուում» է. ներքաղաքական զարգացումները ցանկացած պահի կարող են փոխվել. Միջազգայնագետ
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի գնահատմամբ՝ ընտրություններից հետո Հայաստանում ձևավորվել է քաղաքական անորոշ իրավիճակ, որը կարող է հանգեցնել նոր ներքաղաքական զարգացումների։
Aysor.am-ի հետ զրույցում Կարապետյանը նշեց, որ այս պահին երկրում առկա է քաղաքական «վակուում», թեև այն դեռևս լիարժեք ներքաղաքական ճգնաժամ չի համարում. «Երկրում վակուում է։ Իհարկե, չեմ ասի, որ արդեն ներքաղաքական ճգնաժամ է, բայց չի բացառվում, որ նման իրավիճակի ականատես դառնանք, հատկապես այն բանից հետո, երբ Սամվել Կարապետյանը խոսեց կոալիցիոն համատեղ գործողությունների օրակարգի մասին»։
Միջազգայնագետը չի բացառում նաև փողոցային պայքարի հնարավորությունը, եթե ձևավորվի համապատասխան քաղաքական օրակարգ։
«Ներքաղաքական զարգացումները ցանկացած պահի կարող են փոխվել։ Եթե քաղաքական օրակարգ գեներացվի, կարող ենք ականատես լինել նաև փողոցային պայքարի», - հավելեց նա։
Կարապետյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փշինյանի խոսույթը վերջին շրջանում ավելի կոշտ և հակասական է դարձել, ինչը, ըստ նրա, ուշադրության կենտրոնում է նաև միջազգային հարթակներում։
Կարապետյանն ընդգծում է, որ միջազգային հանրությունն էլ է նկատում, որ Փաշինյանը պառակտվածություն ու բևեռվածություն է մտցնում հայության շրջանակներում՝ եղբորը հանելով եղբոր դեմ, հարևանին՝ հարևանի, և այլն, բաժանում, պիտակավորում և թշնամացնում է մարդկանց.
«Փաշինյանը շատ ծանր է տարել այն հանգամանքը, որ ՀՀ-ում 500 հազարից ավելի քաղաքացի իրեն ձայն չի տվել։ Հիմա էլ փորձում է որոշակի կետեր ավելացնել, որ սփյուռքահայերը չկարողանան ընտրության մասնակցել։ Վախից Փաշինյանը որոշել է ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրության իրավունքից՝ վախենալով ռուսական սփյուռքի ձայներից։ Այս ամենը դիտորդները, միջազգային հանրությունը տեսնում են»։
Կարապետյանը քննադատեց նաև ԿԸՀ-ի որոշումները՝ կապված որոշ ընտրատեղամասերում վերահաշվարկ կամ վերաքվեարկություն չանցկացնելու հետ՝ դրանք համարելով ապօրինի։
Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակը լեգիտիմության վերաբերյալ հարցեր է առաջացնում, նույնիսկ եթե միջազգային կառույցների մեծ մասը ճանաչել է ընտրությունների արդյունքները. «Ընտրությունների պատմության մեջ սա ամենախայտառակ և ամենանվազ լեգիտիմ ընտրությունն է։ ՀՀ քվեագողության պատմության մեջ, երբ նախորդ 30 տարիներին ամեն ինչ տեսել էինք, սակայն մտքներովս էլ չէր անցնի, որ օրը ցերեկով չէր թույլատրվելու քաղաքական մի ողջ ուժի մուտքը խորհրդարան, գողանալով նրանցից 5 մանդատ։ Սա անընդունելի է։ Հասկանում ես, որ այս խորհրդարանը լեգիտիմության հետ կապված շատ լուրջ խնդիրներ ունի։ Չնայած միջազգային հանրությունն ընդունել է արդյունքները, սակայն այն կասկածի տակ է դրվում»։
Խոսելով ընդդիմության հետագա քայլերի մասին՝ նա նշել է, որ եթե իշխանությունը կասկածի տակ է դնում ընդդիմության ստացած ձայների լեգիտիմությունը, ապա ընդդիմությունը նույնպես կարող է չճանաչել ընտրությունների արդյունքները և հրաժարվել մանդատներից։
Միջազգայնագետի գնահատմամբ՝ առաջիկա շրջանը քաղաքական առումով լարված և վճռորոշ է լինելու, իսկ ներքաղաքական զարգացումների ուղղությունը կախված կլինի ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության հետագա որոշումներից։
Կարապետյանի գնահատմամբ՝ այս ամենը միջազգային հանրությունը տեսնում է, սակայն որոշ ղեկավարներ կոմպրոմիսային և հարմարվողականության քաղաքականություն են վարում գործող իշխանությունների հետ. «Որոշների համար Փաշինյանի վերարտադրությունը հաճելի ու ընդունելի էր՝ հասկանալի պատճառներով։ Կարելի է հասկանալ, որ նա աշխարհաքաղաքական մի շարք կենտրոնների որոշակի խոստումներ է տվել, և կուլիսային պայմանավորվածություններ կան»։