Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղը զբաղեցնելու մրցույթը անցել է գաղտնի՝ անհայտ հասցեով. Անուշ Պողոսյան
23/06/2026 11:08

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղը զբաղեցնելու մրցույթը անցել է գաղտնի՝ անհայտ հասցեով. Անուշ Պողոսյան

Այսօր պետք է տեղի ունենար Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղը զբաղեցնելու մրցույթը, այս մասին հայտնում է «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։

Պողոսյանը նշել է, որ մոտ մեկ ամիս առաջ հայտարարվել է մրցույթի մասին, և ինքը սահմանված ժամկետում ներկայացրել է պահանջվող բոլոր փաստաթղթերը։

«Երկու շաբաթ անց ինձ կրկին խնդրեցին ուղարկել նույն փաստաթղթերը, ինչը ևս կատարեցի։ Դրանից հետո՝ լիակատար լռություն։

Ավելի ուշ նախարարության կայքում տեսա ընդամենը մեկ նախադասությամբ հայտարարություն, որ ընտրությունը տեղի է ունենալու հունիսի 23-ին՝ ժամը 12:00-ին, իսկ գլխավոր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը՝ նույն օրը ժամը 13:00-ին։ Սակայն չէր նշվել ո՛չ մրցույթի անցկացման վայրը, ո՛չ ընթացակարգը, ո՛չ մասնակցության կարգը։

Փորձեցի կապ հաստատել Հիմնադրամի հետ, պարզել, թե որտեղ և ինչ ձևաչափով է անցկացվելու մրցույթը։ Իմ բոլոր փորձերն ապարդյուն էին։ Ոչ ոք չպատասխանեց, ոչ ոք չպարզաբանեց, ոչ ոք կապ չհաստատեց։

Արդյունքում ես, որպես պաշտոնապես դիմած թեկնածու, այդպես էլ չիմացա, թե որտեղ է անցկացվում մրցույթը, ուր պետք է ներկայանամ և ինչ ընթացակարգով պետք է մասնակցեմ։ Եվ, ինչպես պարզվեց, նույն իրավիճակում են հայտնվել նաև մյուս դիմորդները։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ այս իշխանությունների կողմից կազմակերպվող «մրցույթների», «թափանցիկության» և «լեգիտիմության» մասին։ Երբ նույնիսկ մրցույթի մասնակիցներին չեն հայտնում, թե որտեղ է անցկացվելու մրցույթը, դժվար է հավատալ, որ նպատակը լավագույն թեկնածուի ընտրությունն է։ Այդպիսի պայմաններում բնական հարց է առաջանում՝ արդյոք մրցույթը կազմակերպվում է հաղթողին ընտրելո՞ւ, թե՞ պարզապես նախապես կայացված որոշումը ձևականորեն օրինականացնելու համար։

Հ․Գ․ Եթե մրցույթի հասցեն պետական գաղտնիք է, ապա դժվար չէ կռահել, թե ինչ կարգավիճակ ունի դրա արդյունքը»,- նշել է Պողոսյանը։

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղը զբաղեցնելու մրցույթը անցել է գաղտնի՝ անհայտ հասցեով. Անուշ Պողոսյան