4 մլրդ դրամի սուբսիդավորումը խնդիրները չի լուծի. տարեկան 1 մլրդ դոլարի գյուղմթերք արտահանող ՀՀ-ն կարող է ճգնաժամի առաջ կանգնել. Մնացականյան
23/06/2026 10:11

4 մլրդ դրամի սուբսիդավորումը խնդիրները չի լուծի. տարեկան 1 մլրդ դոլարի գյուղմթերք արտահանող ՀՀ-ն կարող է ճգնաժամի առաջ կանգնել. Մնացականյան

Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի նկատմամբ կիրառվող սահմանափակումները շարունակում են պահպանվել, և դրանց առաջին բացասական հետևանքները զգում են ծաղիկ, կանաչի և թութ արտահանողները,  Aysor.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտես Հարություն Մնացականյանը։

Նրա խոսքով՝ հատկապես թութ արտահանողների վիճակն է բարդ, քանի որ այդ մթերքի հիմնական շուկան Ռուսաստանն է եղել. «Այլ երկրներում դրա պահանջարկն այնքան մեծ չէ»։

Մնացականյանի գնահատմամբ՝ այս տարի նաև ծիրանի բերքն է զգալիորեն տուժել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

«Կարկտահարություն, ցրտահարություն եղավ, իսկ առատ անձրևների հետևանքով գերխոնավությունը ևս բացասաբար ազդեց բերքատվության վրա։ Արդյունքում բավականին ցածր բերք ունենք»,- ասաց գյուղատնտեսը։

Նրա տեղեկություններով՝ արդեն արտահանվել են որոշ խմբաքանակներ։ «Մի քանի հարյուր տոննա ծիրան հնարավոր է եղել արտահանել։ Մոտ 200 տոննա իմ  ընկերներն են արտահանել Լվով, մի քանի մեքենա էլ ուղարկվել է Իրան։ Մնացած ծավալների մասին տեղեկություն չունեմ»։

Անդրադառնալով գյուղմթերքի բարձր գներին՝ Մնացականյանն ասաց, որ դրանք լիովին արդարացված չեն։

«Ծիրանը դեռ նոր է հասունանում, և գները ժամանակի ընթացքում կնվազեն։ Իսկ մյուս գյուղմթերքների դեպքում նույնիսկ ես չեմ կարող ասել, թե ինչու են գներն այդքան բարձր։ Այդ հարցով պետք է զբաղվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը»,- ասաց նա։

Գյուղատնտեսը հիշեցրեց, որ Հայաստանից տարեկան շուրջ 1 միլիարդ դոլարի գյուղմթերք է արտահանվում, և արտահանման սահմանափակումները կարող են լուրջ խնդիրներ ստեղծել ոլորտի համար։

«Եթե արտահանման սահմանափակումները շարունակվեն, պատկերացրեք, թե որքան ճգնաժամային իրավիճակ կարող է ստեղծվել»,- ընդգծեց նա։

Խոսելով պետական սուբսիդավորման ծրագրերի մասին՝ Մնացականյանը նշեց, որ տարեկան շուրջ 4 միլիարդ դրամի աջակցությունը բավարար չէ ոլորտի խնդիրները լուծելու համար։

«Դա մոտ 10 միլիոն դոլար է կազմում։ Եթե համեմատենք 1 միլիարդ դոլար արտահանման ծավալի հետ, ընդամենը 1 տոկոս է։ Երկարաժամկետ առումով նման աջակցությունը որևէ էական հարց չի լուծի, առավելագույնը կարող է կարճաժամկետ որոշակիորեն մեղմել իրավիճակը»,- ասաց նա։

Գյուղատնտեսը հավելեց, որ արտահանման խնդիրներից բացի, ոլորտը շարունակում է բախվել նաև բնական աղետների հետևանքներին՝ հիշեցնելով այս տարվա կարկտահարություններն ու ցրտահարությունները, որոնք զգալի վնաս են հասցրել գյուղատնտեսությանը։

Հեղինակ`Դուսյա Ղազարյան