Առողջության ապահովագրությունից շահել է միայն ՔՊ-ն՝ այն օգտագործելով ընտրական նպատակներով. Ծաղիկ Վարդանյան
23/06/2026 21:44

Առողջության ապահովագրությունից շահել է միայն ՔՊ-ն՝ այն օգտագործելով ընտրական նպատակներով. Ծաղիկ Վարդանյան

«Պարտադիր բժշկական ապահովագրության հետ կապված այս գործընթացը դժվար է համարել լիարժեք պատրաստված և հաշվարկված։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ այն ունենալու է լուրջ խնդիրներ։ Ամենալուրջ խնդիրը ակտուարական և մաթեմատիկական հաշվարկների բացակայությունն է՝ կանխատեսումների մասով․ ինչ ծավալի ծառայություններ են մատուցվելու, որքան գումար է անհրաժեշտ լինելու, որքան է հավաքագրվելու աշխատող քաղաքացիներից, որքան պարտավորություն է վերցնելու պետությունը և արդյոք ունի՞ դրա համար բավարար  հնարավորություններ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համանախագահ Ծաղիկ Վարդանյանը։

Նրա գնահատմամբ՝ այդ հաշվարկները կատարված են կիսատ, ամեն ինչ արվել է հապշտապ՝ ընտրություններին ընդառաջ։

«Դրա առաջին ապացույցն այն է, որ դեռևս գործընթացի սկզբնական փուլերում արդեն իսկ  առաջացել են վճարումների խնդիրներ։ Ամբուլատորիաների մի մասը աշխատավարձ չի ստացել, որովհետև համապատասխան ֆինանսավորում չի եղել։ Միևնույն ժամանակ, Երևանի հիվանդանոցներում վճարումները կատարվել են, իսկ մարզային և գյուղական ամբուլատորիաներում՝ ոչ։ Սա լուրջ խնդիր է, որովհետև հենց այդ բուժհաստատություններն են առողջապահական համակարգի առաջնագծում, և դրանց նկատմամբ մոտեցումը պետք է այլ լիներ։ 

Պետք է հաշվի առնել նաև, որ վճարովի ծառայություններից ստացվող եկամուտներն ամբուլատորիաներում շատ ավելի քիչ են, քան հիվանդանոցներում, իսկ որոշ դեպքերում գրեթե զրոյական են։ Այդ պայմաններում նման վերաբերմունքը ո՛չ արդար է, ո՛չ մասնագիտական և չի բխում առողջապահական համակարգի շահերից»,-նշում է Վարդանյանը։

Նա նաև ընգծում է՝ այս ընթացքում բուժաշխատողների ծանրաբեռնվածությունը նույնպես զգալիորեն աճել է։

«Առանց հստակ չափորոշիչների և կազմակերպված մեխանիզմների, մեծ բեռ է դրվել առաջնային օղակի բժիշկների՝ թերապևտների, մանկաբույժների և ընտանեկան բժիշկների վրա։ Նրանք ստիպված են կազմակերպել փաստաթղթաշրջանառությունը՝  գրել ուղեգրեր,   լրացնել փաստաթղթեր, կատարել բազմաթիվ այլ գործառույթներ ու միաժամանակ՝ նշանակել բուժումներ։

Բացի այդ, նեղ մասնագետներից հանվել են դիսպանսեր հսկողության մի շարք գործառույթներ։ Եթե նախկինում որոշ հիվանդությունների մշտադիտարկումն իրականացվում էր նեղ մասնագետների կողմից, այժմ այդ բեռը հիմնականում փոխանցվել է առաջնային օղակին։ Սակայն դրա դիմաց տրամադրված ֆինանսական հավելավճարները համարժեք չեն ծանրաբեռնվածության աճին։ Միջին հաշվով աշխատավարձերի աճը կազմել է մոտ 25-60 հազար դրամ՝ կախված սպասարկվող բնակչության քանակից, մինչդեռ աշխատանքի ծավալը բազմակի աճել է։

Սա առաջացնում է լրացուցիչ ռիսկեր։ Շատ բժիշկներ կարող են պարզապես չցանկանալ աշխատել առաջնային օղակում և նախընտրել մասնավոր հատվածը, որտեղ աշխատանքային պայմաններն ավելի կանխատեսելի են և ծանրաբեռնվածությունը՝ ավելի կառավարելի»։ 

Ծաղիկ Վարդանյանի խոսքով՝ բժշկական ապահովագրությունից շահել է միայն ՔՊ-ն։

«Քաղաքացիների համար ընդամենը ձևաչափ է գտնվել՝ հիմնականում 65+ քաղաքացիների վիրաբուժական միջամտությունները ընտրություններից առաջ իրականացնելու համար։ Սա պարզապես ժամանակավոր միջոցառում էր ընտրություններից առաջ՝  իրականացված ձայներ ստանալու նպատակով ։ Մարդկանց որոշակի  «առավելություն» են տվել, կամ եթե կոպիտ չհնչի՝ կաշառք։ Բայց իրականում ապահովագրական համակարգը, հատկապես 65+ քաղաքացիների՝ տարեց մարդկանց առողջապահական խնամքի առումով, պետք է համալիր դիտարկվեր։ Միայն վիրահատվելը տեղային  առողջապահական խնդիր կարող է լուծել, բայց ոչ համակարգային։ Ավելին՝ առողջապահական ապահովագրությունը չի լուծում  առողջ հանրություն ունենալու խնդիրը։ Իսկ առողջ հանրություն ունենալու համար պետք է շարունակական հսկողություն, կանխարգելում, և մի շարք միջամտություններ, որպեսզի մարդիկ հնարավորինս ուշ ծերանան, այսինքն՝ երկարացվի առողջ և ակտիվ կյանքի շրջանը։ 

Դա ամբողջական համակարգ է՝ ներառելով նաև առողջարանային բուժումը և խնամքի ծառայությունները»։ 

Վարդանյանն ասում է ՝ հիվանդանոցներին հանձնարարվել էր անպայման ընդունել բոլորին և ոչ ոքի չմերժել՝ մինչև ընտրությունները։

«Դա եղել է պետական մակարդակի հանձնարարական։ Հիմա արդեն աստիճանաբար երևում են հետևանքները՝ հերթերի աճ, սահմանափակումներ, այդ թվում՝ ստոմատոլոգիական ծառայությունների մասով՝ մեծահասակների համար։ 

Այս ամենը վերահաստատում է՝ սա ժամանակավոր իրականացված առողջապահական ծրագիր է, որը պետության համար ստեղծում է զգալի բեռ և, ըստ էության, օգտագործվել է ընտրական նպատակներով»։

 

 

Առողջության ապահովագրությունից շահել է միայն ՔՊ-ն՝ այն օգտագործելով ընտրական նպատակներով. Ծաղիկ Վարդանյան