«Հրապարակ». Ճիշտը պաշտոնները բոյկոտելն է
24/06/2026 08:33

«Հրապարակ». Ճիշտը պաշտոնները բոյկոտելն է

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանդատները վերցնել-չվերցնելու օրակարգային հարցին չի զիջում նաև մեկ այլ հարց՝ ընդդիմությունն արդյոք համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները՝ ԱԺ փոխխոսնակի, որն այս դեպքում Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն է բաժին հասնելու, և մշտական հանձնաժողովների նախագահ-փոխնախագահների։ 

Չնայած Սամվել Կարապետյանի թիմից վստահեցրին, որ դեռևս հարցը չեն քննարկել, սակայն տեղեկություններ կան, որ այս հարցում ևս տեսակետները միանշանակ չեն։ Ընդդիմադիրների մի խումբ արմատական է տրամադրված՝ այդ պաշտոնները ստանձնելը կնշանակի հարմար տեղավորվել կոմֆորտ զոնայում և մոռանալ արտահերթ զարգացումների մասին, հետևաբար՝ ճիշտն այդ պաշտոնները բոյկոտելն է, հատկապես որ անցնող խորհրդարանի փորձը ցույց տվեց, որ դրանից իշխանությունը վատ չի զգում և որևէ բարդույթ չունի, որ Սահմանադրության պահանջը չի կատարվում։ 
    
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի հանձնաժողովի նախագահներն ու ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընդդիմության նկատմամբ ճնշումների փուլում ինքնակամ հրաժարվեցին իրենց պաշտոններից, ավելի ուշ ՔՊ-ն «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչ Թագուհի Թովմասյանին հեռացրեց մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից»։

«Հրապարակ». Ճիշտը պաշտոնները բոյկոտելն է