«Այս իշխանությանն ու նրա տերերին չի հաջողվելու Հայաստանը դարձնել բռնապետական երկիր». Մենուա Սողոմոնյան
24/06/2026 18:31

«Այս իշխանությանն ու նրա տերերին չի հաջողվելու Հայաստանը դարձնել բռնապետական երկիր». Մենուա Սողոմոնյան

«Այսպիսի որոշում կայացնելը բխում է Փաշինյանի կողմից դատաիրավական համակարգին հայտարարած պատերազմի տրամաբանությունից,- «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր Ավետիք Չալաբյանին կալանավորելու դատարանի որոշումն այսպես մեկնաբանեց նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

Նա հավելեց՝ դատավորները կաշկանդված են իշխանությունից, Չալաբյանին կալանքի տանելու որոշումն էլ դրա մասին է վկայում, սակայն «Հայաքվեն» պայքարելու է աղաղակող անարդարության դեմ։

«Սահմանադրական բոլոր գործիքները կիրառելու ենք, իշխանության հետևորդներին ու տերերին ապացուցելու ենք, որ իրենց չի հաջողվելու Հայաստանը վերջնականապես դարձնել բռնապետական  երկիր, խոչընդոտելու ենք, որ նրանք շարունակեն անմեղ մարդկանց բանտեր ուղարկելու ստալինյան այս գործելակերպը»,- ասաց Սողոմոնյանը։

Հիշեցնենք՝ Ավետիք Չալաբյանին այսօր ձերբակալել էին ու մեղադրանք առաջադրվել իբրև ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար («մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ»)։  Դատարանը բավարարել էր Չալաբյանին կալանավորելու որոշումն ու նրա նկատմամբ սահմանել կալանք՝ 2 ամիս ժամկետով։

Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ 

Պաշտպանական կողմը գործը շինծու է որակում և բողոքարկելու է դատարանի որոշումը։

«Այս իշխանությանն ու նրա տերերին չի հաջողվելու Հայաստանը դարձնել բռնապետական երկիր». Մենուա Սողոմոնյան