Դավիթ Համբարձումյանի տնային կալանքը վերացվեց
25/06/2026 18:44

Դավիթ Համբարձումյանի տնային կալանքը վերացվեց

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, րոպեներ առաջ հրապարակեց Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով վճիռը. Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվեց, կիրառվեց վարչական հսկողություն, նրան ազատ արձակեցին։ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ առաջին ատյանի կայացրած որոշումը բեկանվեց և ուղարկվեց դատարան՝ նոր քննության։

Հիշեցնենք՝ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում «ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու» և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել:

ՔԿ-ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ 

2025 թվականի հոկտեմբերի 23-ին, սակայն, Դավիթ Համբարձումյանին դատապարտել էին 6 տարի, 3 ամիս ժամկետով ազատազրկման՝ 7 տարի առաջվա այս գործով, որով դատարանում քննված ոչ մի վկա մեղադրական ցուցմունք չէր տվել Համբարձումյանի դեմ։

Համբարձումյանն  այդ օրերին Հայաստանում չէր, բայց հայտարարությամբ տեղեկացրել էր․ «Նիկոլից ու նրա կամակատար դատաիրավական համակարգից փախչելու միտքն անգամ բացառում եմ։ Շուտով կլինեմ Հայաստանում»։

Հայտարարությունից օրեր անց նա վերադարձել էր Հայաստան. նրան կալանավորել էին ինքնաթիռի դռան մոտից։

Հունվարին դատարանը Համբարձումյանի խափանման միջոց էր սահմանել տնային կալանքը։

Այսօր դատարանի վճռով նա ազատ արձակվեց։