Ո՞ւմ են խանգարում Արցախի դրոշն ու պատերազմի հերոսների նկարները
25/06/2026 21:04

Ո՞ւմ են խանգարում Արցախի դրոշն ու պատերազմի հերոսների նկարները

«Սկզբում փորձում էին Արցախի դրոշը գաղտնի հեռացնել Ֆրանսիայի հրապարակից՝ առանց տեղեկության, թե ով և երբ է դա անում։ Սակայն երբ երիտասարդները սկսեցին հետևել, պարզվեց, որ դա պատահական մարդկանց գործ չէ, այլ քաղաքապետարանի հետ առնչություն ունեցող անձանց»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց  Արցախի հանրային խորհրդի անդամ, հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ երբ վերջին անգամ երիտասարդները փորձեցին կրկին տեղադրել դրոշը, բերման ենթարկվեցին։

«Ակնհայտ է, որ դա պետական մակարդակով իրականացվող գործընթաց է, և դրոշը հետ տեղադրողներին էլ փորձում են սպառնալ, վախեցնել ու պատժել։ Հիմա դրոշը նորից հեռացված է։ Ինչպես գիտենք, 44-օրյա պատերազմի հերոսների նկարները ևս հեռացրել են, այս դեպքում էլ պատճառաբանել են, թե  համապատասխան թույլտվություն չկա, ինչը անհեթեթություն է։ Տարիներ շարունակ այդ նկարները եղել են, իսկ համալսարանի տարածքում գտնվող որոշ նկարների դեպքում նույնիսկ փաստաթղթավորված թույլտվություններ են եղել։

Սա ինքնության դեմ մղվող համակարգված պայքար է, որը հետընտրական շրջանում միանգամից ակտիվացավ։ Հիշենք նաև խոսակցությունները, որ  գյուղերում հրահանգված է  բարձունքների վրա գտնվող խաչերը հեռացնել՝ անվտանգային կամ այլ անհեթեթ պատճառաբանություններով»։

Նարե Սիմոնյանն ընգծում է՝ փորձում են մեր հիշողությունից ջնջել հերոսների անունները։

«Նախընտրական շրջանում ասում էին, թե հերոսը հարկատուն է։ Այսինքն՝ իրական հերոսությունը փոխարինում էին փողի գաղափարով, իսկ այդ փողն օգտագործում էին ճոխ ընտրությունների, ցուցադրական ծրագրերի և իրենց բարեկեցիկ կյանքն ապահովելու համար։ Հիմա էլ, ըստ էության, փորձում են հետևողականորեն հեռացնել այս նկարները, որպեսզի մարդիկ մոռանան, թե ինչի համար են այդ մարդիկ տվել իրենց կյանքը։ 

Այս ամենը մեկ ընդհանուր գծի մեջ է տեղավորվում, և ազգային ինքնության դեմ պայքարի, ազգային ինքնությունը վերացնելու կամ վերափոխելու՝ օրվա իշխանությունների ծրագրի մի մասն է»։

Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանն էլ Aysor.am-ի հետ զրույցում նշեց.

«Կենտրոն վարչական շրջանը նկարները մաքրել է բարեկարգման ծրագրի շրջանակում։ Բոլոր ստորգետնյա անցումներում իրականացվում են մաքրման և բարեկարգման աշխատանքներ։ Նման նկարների, որմնանկարների, գրաֆիտիների կամ դիմանկարների համար պետք է համապատասխան թույլտվություն լինի։ 

Որմնանկարների, գրաֆիտիների կամ դիմանկարների նկատմամբ որևէ միտում չկա, անցումներում միշտ չէ, որ պահպանվում են մաքրության կանոնները։ Դրանցով անցնում են տարբեր մարդիկ, և այդ տարածքները միշտ չէ, որ մաքուր են պահվում։ Ցանկալի չէ, որ այդ նկարները մնան մի տեղ, որտեղ երբեմն աղտոտվում է, այդ պատճառով էլ բարեկարգման ծրագրի շրջանակում մաքրվում են բոլոր նկարները։ Ի վերջո, դրանով չէ, որ պետք է մեր նահատակների և հերոսներին հիշատակը հարգենք, նրանց հիշատակը հարգելու ոչ մի առիթ բաց չի թողնվում։ 

Պատերազմից հետո շատ բաներ եղել են ինքնաբուխ և զգացմունքային մթնոլորտում, ծնողները, հարազատները, հասարակությունն իրենց ձևով են փորձել պահել հիշատակը, բայց այդ ամենը պետք է ունենա իր համապատասխան տեղն ու ձևաչափը։

 Աբսուրդ  է  մտածել, թե ինչ-որ մեկը նպատակ ունի պարզապես ջնջել ամեն ինչ, հավատացնում եմ, որ այստեղ չարամտություն չկա, որևէ պարագայում մեր հերոսների, զոհվածների և նրանց հիշատակի նկատմամբ որևէ բացասական վերաբերմունք կամ միտում չի կարող լինել՝ անկախ քաղաքական դիրքորոշումից»։

Ինչ վերաբերում է  դրոշը հեռացնելուն՝ խոսնակը ասաց, թե հստակ տեղեկատվություն չունի։ 

Ո՞ւմ են խանգարում Արցախի դրոշն ու պատերազմի հերոսների նկարները