Եթե իշխանությունը սա մարսի, շատ վատ նախադեպ է լինելու. Իվետա Տոնոյան (Տեսանյութ)
26/06/2026 18:34

Եթե իշխանությունը սա մարսի, շատ վատ նախադեպ է լինելու. Իվետա Տոնոյան (Տեսանյութ)

«Հունիսի 7-ի բոլոր թվաբանական մանիպուլյացիաները,  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացված աճպարարությունները արձանագրել է նաև քաղաքակիրթ աշխարհը։ Ես՝ որպես ՀՀ  քաղաքացի, ցավ եմ ապրում, երբ տարբեր միջազգային կառույցներից ու արտերկրի ներկայացուցչություններից  ոչ ժողովրդավարական և ոչ լեգիտիմ ընտրությունների հետ կապված գնահատականներ եմ լսում»,-ՍԴ-ի բակում  լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայցը ՍԴ-ին առանձնանում է  նրանով, որ  բացի ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջից, դիմել են նաև մանդատների վերաբաշխման գործընթաց իրականացնելու համար.

«Եթե երեք ընտրատեղամասերում ընտրությունների անվավեր ճանաչման գործընթացը հակասահմանադրական ճանաչվի, ապա ավտոմատ կերպով իրականացվելու է մանդատների վերաբաշխում։ Այստեղ խնդիրը ամենևին մանդատներ ձեռք բերելը չէ, և այս պայքարը բացարձակապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայությունը խորհրդարանում ապահովելու համար չէ։

Այդ երեք ընտրատեղամասերում ընտրություններն անվավեր ճանաչելու գործընթացը բազմաթիվ հակաօրինական ու հակասահմանադրական դրսևորումներ ունի։ Եթե այդ մասով Սահմանադրական դատարանը դրական որոշում չկայացնի, ապա որևէ դեպքում իշխանությունը կաշկանդված չի լինելու, օրինակ, հաջորդ արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույն սկզբունքով 50 ընտրատեղամասի ընտրություններ անվավեր ճանաչելու հարցում։ Այն տեղամասերի արդյունքները, որոնք  իրենց չեն գոհացնի և որոնք կրկին կունենան էական ազդեցություն ընտրությունների ելքի վրա, կրկին կարող են անվավեր ճանաչվել։

Եթե իրենք այս գործընթացը մարսեն, ապա կարծում եմ, որ սա շատ վատ նախադեպ է լինելու հաջորդող բոլոր ընտրությունների համար»,-նշեց Տոնոյանը։ 

Եթե իշխանությունը սա մարսի, շատ վատ նախադեպ է լինելու. Իվետա Տոնոյան (Տեսանյութ)