Ընդդիմությունը ՍԴ-ին փաստարկներ է ներկայացրել՝ պետբյուջեից մի քանի հարյուր միլիոն դրամ է ծախսվել ՔՊ-ի ընտրարշավի վրա
26/06/2026 20:40

Ընդդիմությունը ՍԴ-ին փաստարկներ է ներկայացրել՝ պետբյուջեից մի քանի հարյուր միլիոն դրամ է ծախսվել ՔՊ-ի ընտրարշավի վրա

Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ ՍԴ այսօրվա նիստի ժամանակ տարբեր խախտումների վերաբերյալ փաստարկներ են ներկայացվել ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից։

«Նիստի ժամանակ ներկայացվեցին հսկայական վարչական ռեսուրսի խախտման մասին ահազանգեր։  «Հայաստան» դաշինքի մեր գործընկերները ներկայացրին,  որ հիմնավոր կասկած կա, որ պետական բյուջեից մի քանի հարյուր միլիոն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա։ 

«Միասնության թևեր» դաշինքի ներկայացուցիչների խոսքով՝ նույն տարածքում գրասենյակների վարձակալության արժեքները տարբեր են եղել․ իրենց դեպքում՝ շուրջ 200 հազար դրամ կամ ավելի, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեպքում՝ նախընտրական հաշվետվություններում նշվել է շուրջ 20 հազար դրամ։

Ունեն 500-ից ավելի շտաբ, բայց՝ 0 աշխատող։ Ենթադրում եմ՝ վախեցել են աշխատավարձ տալ, որ չասեն՝ ընտրակաշառք են բաժանում։ Ակնհայտ է, որ այդ աշխատողներին կամ իրականում բաժանել են փողերը ոչ պաշտոնապես, կամ, եթե նույնիսկ ընդունենք, որ դա պայմանական ասեմ՝ անվճար աշխատանք է եղել,  կամավորական, միևնույն է՝ դա նախընտրական ֆոնդի ծախսերի մեջ պետք է գրվի»։

Օրբելյանը շեշտեց՝ սա խախտումների մի մասն է միայն.

«Հայաստան» դաշինքը ներկայացրել է նաև հստակ հաշվարկ ստորագրությունների վերաբերյալ. մոտ 30.000-ի տարբերություն կա ստորագրությունների և քվեարկած անձանց միջև։ Խնդիրները շատ են, որոնք հստակ ցույց են տալիս, որ կան շատ հիմքեր ընտրություններն անվավեր ճանաչելու և ամբողջ Հայաստանում վերաքվեարկություն նշանակելու համար»։