.jpg)
Ցեղասպանության ընդունման փաստը պետք է պայմանավորել Իսրայել-Թուրքիա վատ հարաբերություններով. թուրքագետ
Թուրքագետ Նելլի Մինասյանն այն կարծիքին չի, որ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Թուրքիայի հետ պայմանավորվելով։
«Այսօր Իսրայելի ու Թուրքիայի հարաբերություններն այնպիսի մակարդակի վրա են, որ հազիվ թե նրանք ինչ-որ հարցերի շուրջ համագործակցեն, այն էլ՝ ցեղասպանության նման կարևոր խնդրի շուրջ, որը Թուրքիայի համար շատ կարևոր է։ Թուրքիայում արդեն հայտարարել են, որ քաղաքական խնդիրներից ելնելով է Իսրայելը ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մինասյանը։
Նա երկրորդ պատճառն էլ նշեց, թե ինչու կարող էր Իսրայելը ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Վերջին տարիներին Թուրքիան շատ ակտիվ տանում է Իսրայելին ցեղասպան երկիր ներկայացնելու գիծը, Նաթանյահուին էլ՝ որպես հանցագործ Հաագայի դատարանում դատելը։ Գիտենք, որ այնտեղ կան նմանատիպ գործեր, որոնց նախաձեռնողներից մեկը եղել է հենց Թուրքիան»։
Ըստ թուրքագետի՝ ցեղասպանության ընդունման փաստը պետք է պայմանավորել Իսրայել-Թուրքիա վատ հարաբերություններով, այլ ոչ թե պայմանավորվածությամբ։
«Նաթանյահուն երեկ իր ելույթում ավելի մանրամասն անդրադարձավ Էրդողանի ելույթներին, որ օր չի լինում, որ Էրդողնն իր հասցեին սպառնալիքներ չհնչեցնի։ Այնպես որ, այստեղ իրենց հակադրությունն ակնհայտ է»,-հավելեց նա։
Մինասյանի խոսքով՝ Թուրքիայում սպասում էին Իսրայելի այդ քայլին, քանի որ Իսրայելում Հայոց ցեղասպանության հետ կապված քննարկումներ եղել են. «Անսպասելի չէր նրանց համար։ Թուրքիայի առաջին արձագանքներն ինձ մոտ այնպիսի տպավորություն չթողեցին, որ իրենց համար դա շատ անսպասելի էր»։
Չնայած այս ամենին, Մինասյանը շեշտում է՝ սա մեզ ոչինչ չի տալու. «Եթե ԱՄՆ ճանաչումը ոչինչ չտվեց, սա առավել ևս ոչինչ չի տալու։ Իհարկե, դրական է, որ թեկուզ մեկ պետություն ավել է ճանաչում, սակայն մեր կողմից պետք է ավելի զսպված մոտեցում լինի։ Ակնհայտ է, թե ինչ խնդիր են լուծում իսրայելցիները»։