.jpg)
Գլոբալ տաքացում․ Վեներայի դասերը
Շատերին է հայտնի, որ մեր մոլորակի վրա տեղի է ունենում կլիմայի անցանկալի փոփոխություններ՝ պայմանավորված, այսպես կոչված, գլոբալ տաքացման կամ ջերմոցային երևույթով։ Առիթ ունեցել ենք այդ թեման քննարկելու և գիտենք, որ դրա հիմնական պատճառներից է մարդու արտադրական բուռն գործունեությամբ պայմանավորված, այսպես կոչված, ջերմոցային գազերի քանակի՝ հատկապես ածխաթթու գազի անշեղ աճը Երկրի մթնոլորտում։
Գիտությանը հայտնի է, որ նմանատիպ երևույթ մի քանի միլիարդ տարի առաջ տեղի է ունեցել մեր հարևան մոլորակի՝ Վեներայի վրա․․․
Վեներան /Արուսյակ/ Արեգակնային համակարգի երկրորդ մոլորակն է, որը նրանից գտնվում է 108,2 մլն կմ հեռավորության վրա։ Նրա շառավիղը 6051,8 կմ է, զանգվածը՝ 4,867․1024 կգ, մակերևույթի մակերեսը 4,6․108 քառակուսի կմ, ազատ անկման արագացումը՝ 8,87 մ/վ2։
Պարզվում է, որ չնայած Մերկուրին ավելի մոտ է Արեգակին, բայց Վեներան մեր համակարգի ամենատաք մոլորակն է և նրա մակերևույթի ջերմաստիճանը 460-475 աստիճան է ըստ ցելսիուսի։ Հետաքրքիր է նշել, որ Վեներայի մթնոլորտի բաղադրության մոտ 97 տոկոսը ածխաթթու գազ է, իսկ մնացածը` ազոտ։ Ամպերը նրա մթնոլորտում կազմված են ծծմբական թթվից, մթնոլորտային ճնշումը 92 անգամ ավելի մեծ է քան Երկրի վրա։
Հայտնի է, որ ի տարբերություն Երկրի, որտեղ գլոբալ տաքացումը, ինչպես տեսանք, հիմնականում մարդու բուռն արտադրական գործունեության հետևանքներից է, Վեներայի վրա այն բնական աղետալի գործընթաց էր, որի հետևանքով միլիարդավոր տարիներ առաջ վերացել է այդ մոլորակի հնարավոր կենսոլորտը։
Գիտությունը այսօր ասում է, որ Վեներայի վրա եղած օվկիանոսները ջերմաստիճանի կտրուկ բարձրացման շնորհիվ ամբողջովին գոլորշիացել են, գոլորշին բարձրացել է նրա մթնոլորտի վերին շերտերը, որտեղ էլ արևից եկող ուլտրամանուշակագույն ճառագայթները քայքայել են այն՝ վերածելով ջրածնի ու թթվածնի։ Արդյունքում ավելի թեթև ջրածինը հեռացել է դեպի տիեզերք ու մոլորակը զրկվել է ջրից։
Վեներայի մթնոլորտում կուտակված մեծաքանակ ածխաթթու գազը թույլ չի տալիս որ մոլորակի մակերևույթից անջատված ջերմությունը անցնի տիեզերական տարածություն։ Ի դեպ, այս մասով պրոցեսը արտաքինից նման է Երկրի մթնոլորտում տեղի ունեցողին, երբ տաքացած Երկրի կողմից առաքվող երկարալիք ճառագայթումը ամբողջովին չի անցնում ջերմոցային գազերի շերտով ու դրա պատճառով հավելյալ ջերմաքանակ է մնում մթնոլորտում, որն էլ առաջացնում է գլոբալ տաքացում և կլիմայի փոփոխություններ։
Հայտնի է, որ Վեներայի վրա տեղում են, այսպես կոչված, թթվային անձրևներ, բայց բարձր ջերմաստիճանային դաշտում դրանք գոլորշիանում են՝ դեռևս չհասած մոլորակի մակերևույթին․․․
Ասվածից կարելի է եզրակացնել, որ Վեներայի վրա գործած փաստացի անվերահսկելի ջերմոցային էֆեկտը մոլորակը՝ երբեմնի, ենթադրաբար, մեղմ կլիմայից վերածել է չոր, ծայրահեղ տաք և թունավոր միջավայրի, որտեղ նույնիսկ ուղարկված առաջադեմ սարքավորումները կարողանում են գոյատևել ընդամենը մի քանի ժամ։
Ի դեպ հետաքրքիր է նշել, որ մոտ 4,5 միլիարդ տարի առաջ Վեներան շատ նման էր Երկրին և ուներ օվկիանոսներ ու մեղմ կլիմա։ Բայց քանի որ Վեներան 30 տոկոսով ավելի մոտ է Արեգակին, և նրանից ստանում է մոտ երկու անգամ ավելի մեծ ջերմային էներգիա, ու դա էլ էական դեր է կատարել ջերմոցային երևույթի առաջացման գործում։
Հնարավոր է, որ այդ ամենը տեղի է ունեցել փուլերով։ Մասնավորապես սկզբում նրա վրա գտնվող ջրային ավազանը տաքանալով արագորեն սկսել է գոլորշիանալ։ Մենք գիտենք, որ ջրային գոլորշին ակտիվ ջերմոցային գազ է և նրա քանակի աճը մթնոլորտում ստիպեց որ մակերևույթին մնացած ջրի քանակությունը ավելի արագ եռա, որն էլ, ըստ էության, կործանարար էր․․․
Երբ ամբողջ ջրային զանգվածը վերածվեց գոլորշու և բարձրացավ մթնոլորտի վերին շերտեր ու այնտեղ արեգակնային ուժեղ ուլտրամանուշակագույն ճառագայթման շնորհիվ քայքայվեց՝ վերածվելով ջրածնի ու թթվածնի ու քանի որ Վեներայի մագնիսական դաշտը շատ թույլ է, արեգակնային քամին թեթև ջրածինը հեշտությամբ տարավ տիեզերք, որի շնորհիվ էլ այդտեղ ջուր այլևս չձևավորվեց։
Ի դեպ վերջին տարիներին իրականացրած հետազոտություններով առաջ է քաշվել նոր վարկած, ըստ որի հնարավոր է, որ աղետի պատճառը Վեներայի վրա տեղի ունեցած միաժամանակյա մասշտաբային հրաբխային ժայթքումներն են։ Եթե կարճ ժամանակահատվածում հազարավոր հրաբուխներ են տեղի ունեցել և մոլորակի մակերևույթ են դուրս մղել հսկայական քանակությամբ լավա ու ջերմոցային գազեր, ապա դրանով իսկ հնարավոր էր կազմալուծել մոլորակի վրա հաստատված կլիման՝ աշխատեցնելով անվերահսկելի ջերմացման մեխանիզմը․․․
Վերը նշվածից կարելի է եզրականգել, որ՝
Կլիմայի տաքացումը միշտ չէ, որ ընթանում է դանդաղ և գծային օրինաչափությամբ։ Բավական է, որ մթնոլորտում ջերմոցային գազերի քանակը հասնի կրիտիկական մակարդակի, և գործընթացը կդառնա ինքնակառավարվող և անվերահսկելի։
Մեր մոլորակի վրա նման վտանգավոր երևույթներ են հավերժական սառույցների հալվելը և դրանցից մեծ քանակությամբ մեթանի արտանետումները։
Վեներայի վրա աղետը ամբողջական դարձավ այն պահին, երբ ,,չորացան,, օվկիանոսները․․․
Մեր մոլորակի պահով օվկիանոսները այժմ կլանում են մարդու գործունեության շնորհիվ արտանետվող ածխաթթու գազի գազի մոտ 25 տոկոսը և ավելորդ ջերմության 90 տոկոսը․․․
Երկրի վրա ածխածինը շրջապտույտ է կատարում մթնոլորտի, օվկիանոսների, բույսերի և երկրակեղևի միջև։
Վեներայի վրա նման շրջապտույտը դադարեց և որպես արդյունք, ամբողջ ածխածինը մնաց մթնոլորտում։
Նկատենք, որ ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության/WMO/ զեկույցի համաձայն 2015-2025 թվականների միջակայքը համարվում է պատմության մեջ ամենատաք տասնամյակը։
Վերջին 3 տարիների /2023-2025թթ․/ ընթացքում երկրի գլոբալ միջին ջերմաստիճանը մոտ 14,97 աստիճան ըստ ցելսիուսի է,որը նախաարդյունաբերական /1850-1900թթ․/ միջին մակարդակը գերազանցում է ռեկորդային 1,52 աստիճանով։
Կամո Աթայան