Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները Հայաստանում կիրականացնեն անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների գնահատում
30/06/2026 18:24

Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները Հայաստանում կիրականացնեն անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների գնահատում

«Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով՝ Հայաստանում է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ/WOAH) «Արդյունավետ անասնաբուժական ծառայություններ» (PVS) ծրագրի «Կայուն լաբորատորիաներ» նախաձեռնության գնահատող խումբը»,- հայտնում են ՍԱՏՄ-ից։

Հաղորդագրությունում նշված է.

«Դոկտոր Անդրե դե Օլիվեյրա Մենդոնսաի գլխավորությամբ՝ փորձագետների խումբն առաջիկա տասն օրերի ընթացքում կիրականացնի մեր երկրում գործող անասնաբուժական ծառայութունների և ՍԱՏՄ-ի ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր կարողությունների գնահատման աշխատանքները:

Հյուրընկալելով գնահատող խմբին՝ Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդգծել է նախաձեռնության բացառիկ կարևորությունը Հայաստանի անասնաբուժական համակարգի արդիականացման ու միջազգային չափանիշներին համապատասխանեցման գործընթացում: «Վստահ եմ, այն կնպաստի անասնաբուժական ծառայությունների հզորացմանը, լաբորատորիաների համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին և կենդանիների ու հանրային առողջության առավել արդյունավետ պաշտպանությանը»,-նշել է ՍԱՏՄ ղեկավարը։

Դոկտոր Անդրե դե Օլիվեյրա Մենդոնսան, ողջունելով հայկական կողմի կառուցողական մոտեցումը, հույս է հայտնել, որ իրենց կողմից առաջին անգամ կիրառվող նոր մեթոդաբանությամբ կկարողանան իրականացնել լաբորատոր կարողությունների ճշգրիտ գնահատում և նպաստել Հայաստանում անասնաբուժական ու լաբորատոր ծառայությունների, որակի կառավարման համակարգերի բարելավմանը, աջակցել երկարաժամկետ զարգացման ռազմավարություն մշակելու, ինչպես նաև անձնակազմի մասնագիտական կարողությունները զարգացնելու հարցերում:

«WOAH-ի PVS ծրագրի «Կայուն լաբորատորիաներ» նախաձեռնությունը նախատեսված է լաբորատորիաների կարողությունների գնահատմանը, լաբորատորիաների կայուն գործունեության ապահովմանը, ինչպես նաև ախտորոշման բարձրորակ համակարգի, որպես կենդանիների հիվանդությունների հայտնաբերման ու վերահսկման գործում կարևոր բաղադրիչի, զարգացմանը նպաստելու համար»։

Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները Հայաստանում կիրականացնեն անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների գնահատում