.jpg)
Փախլավան պարսկական քաղցրավենիք է. ազգագրագետ
Ադրբեջանն ու Թուրքիան ՅՈՒՆԵՍԿՕ են դիմել՝ փախլավան սեփական մշակութային ժառանգություն ճանաչելու նպատակով։
Ազգագրագետ Կարինե Բազեյանը Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ փախլավան չի կարելի համարել բացառապես որևէ մի ժողովրդի ազգային ուտեստ։
«Փախլավան արևելյան քաղցրավենիք է։ Այն եկել է Իրանից՝ որպես պարսկական քաղցրավենիք, ապա ժամանակի ընթացքում տարածվել է ամբողջ Արևելքում։ Այն պատրաստել են տարբեր ժողովուրդներ՝ արաբները, թուրքերը, հայերը։ Յուրաքանչյուրն ունի իր պատրաստման տեխնոլոգիան, բայց որպես խմորից, ընկույզից և քաղցր միջուկից պատրաստվող աղանդեր՝ այն հստակ էթնիկ պատկանելություն չունի։ Այդ պատճառով չենք կարող ասել, որ այն բացառապես հայկական է և բողոք ներկայացնել այդ հիմքով»,- ասաց նա։
Միաժամանակ ազգագրագետը նկատեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան հետևողականորեն փորձում են իրենց անունով գրանցել տարածաշրջանի տարբեր մշակութային արժեքներ։
«Նրանք մշտապես յուրացնում են այն ժողովուրդների մշակութային արժեքները, որոնց հետ ապրել կամ շփվել են։ Այդ պատճառով նման նախաձեռնությունը սպասելի էր։ Այժմ մնում է սպասել, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներն ինչ որոշում կընդունեն։ Ի վերջո, դիմում ներկայացնելը նրանց իրավունքն է»,- եզրափակեց Բազեյանը։