«Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանն ուղղված աջակցությունը կարևոր նշանակություն ունի». Խաչատուրյանը՝ Կանադայի դեսպանին
01/07/2026 19:31

«Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանն ուղղված աջակցությունը կարևոր նշանակություն ունի». Խաչատուրյանը՝ Կանադայի դեսպանին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին, հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրությունում նշված է.

«Նախագահը շնորհավորել է դեսպանին Կանադայի ազգային տոնի կապակցությամբ և խնդրել իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Կանադայի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին։ Ողջունելով դեսպանին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Կանադայի միջև հարաբերություններն ունեն զարգացման դրական ընթացք։

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Կանադայի կողմից Հայաստանին ցուցաբերվող հետևողական աջակցության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանն ուղղված աջակցությունը կարևոր նշանակություն ունի երկրի անվտանգության և զարգացման տեսանկյունից։

«Վերջին տարիներին մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգացում են ապրում։ Կարծում եմ՝ դա պայմանավորված է նաև նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը հետևողական քաղաքականություն է վարում՝ երկիրը ժողովրդավարական ճանապարհով զարգացնելու ուղղությամբ։ Կանադան, ըստ էության, աշխարհում հայտնի այն երկրներից է, որը մշտապես աջակցում է ժողովրդավարությանը և, հակառակը, միշտ խիստ քննադատաբար է մոտեցել այն երկրներին, որոնք հակաժողովրդավարական են եղել և փորձել են իրենց երկրներում ստեղծել ավտորիտար համակարգ։ Վստահ եմ, որ հետագա համագործակցության ընթացքում մեր երկրների միջև կձևավորվեն համագործակցության նոր հնարավորություններ և ուղղություններ»,- նշել է նախագահը:

Նախագահ Խաչատուրյանը նաև բարձր է գնահատել Կանադայի աջակցությունը Հայաստանին տարածաշրջանային մարտահրավերների պայմաններում, ինչպես նաև նրա մասնակցությունը Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը՝ որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված կարևոր ներդրում։ Դեսպան Էնդրյու Թըրները շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքի համար՝ վերահաստատելով Կանադայի պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը Հայաստանի խաղաղության օրակարգի առաջմղմանը և ժողովրդավարական բարեփոխումներին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ կարևորելով քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, տնտեսական և առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը։ Կողմերը կարևորել են նաև խորհրդարանական համագործակցության զարգացումը և կանադական լավագույն փորձի կիրառումը, մասնավորապես՝ արդարադատության համակարգի բարեփոխումների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների կայացման և ամրապնդման գործընթացում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մշակութային համագործակցության ընդլայնման հնարավորություններին»: