.jpg)
Ի տարբերություն մեր հարևանների՝ մենք ամրագրված ազգային խոհանոց չունենք. հիմա այդ գործընթացի մեջ ենք․ Սեդրակ Մամուլյան
Ադրբեջանն ու Թուրքիան ՅՈՒՆԵՍԿՕ են դիմել՝ փախլավան սեփական մշակութային ժառանգություն ճանաչելու նպատակով։ Մինչ այդ թեման նոր քննարկումների առիթ է դարձել, հայ մասնագետները կոչ են անում ոչ թե միայն արձագանքել հարևան երկրների նախաձեռնություններին, այլ համակարգված աշխատանք տանել հայկական խոհարարական ժառանգության գրանցման ուղղությամբ։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչև 2023 թվականը Հայաստանի անունով որևէ կերակրատեսակ կամ սննդամթերք գրանցված չի եղել։
«Փախլավան, որքան ուսումնասիրել եմ, եկել է Օսմանյան կայսրության ժամանակներից, պալատներում այն պատրաստել են հայ խոհարարները։ Այն հայկական միջավայրում ընդունված քաղցրավենիք է»,- ասաց նա։
Մամուլյանի խոսքով՝ առաջնահերթ խնդիրը ոչ թե հարևանների քայլերը քննադատելն է, այլ հայկական խոհարարական ժառանգության իրավական ամրագրումը։
«Հիմա այդ գործընթացի մեջ ենք ԿԳՄՍ նախարարության հետ։ Մենք ամրագրված ազգային խոհանոց չունենք՝ ի տարբերություն մեր բոլոր հարևանների։ Փաստորեն, երկար տարիներ այդ հարցը չի կարևորվել։ 2023 թվականից արդեն մի քանի կերակրատեսակներ և սննդամթերքներ գրանցվել են, մյուսներն էլ ընթացքի մեջ են։ Մենք ինքներս պետք է գործունեություն ծավալենք, այլ ոչ թե սպասենք, որ ուրիշներն ինչ-որ բան անեն, հետո բողոքենք»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունն իրենց կազմակերպությանն է պատկանում, և առաջիկայում այս ուղղությամբ նոր քայլեր են նախատեսվում։
Մամուլյանը հիշեցրեց նաև լավաշի օրինակը՝ նշելով, որ միայն միջազգային գրանցումը բավարար չէ։
«Տարիներ առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ում լավաշն ամրագրվեց որպես հայկական, բայց մեր կրթական համակարգում դրա մասին գրեթե ոչինչ չկա։ Ճիշտ չէ պարզապես ասել, որ դա մերն է, բայց չապահովել դրա շարունակականությունը։ Մենք ուզում ենք ամեն ինչ հիմնավոր անել՝ առանց շտապելու։ Իրենց գործողություններից պետք չէ հիասթափվել կամ իրար մեղադրել, այլ պետք է հետևողական աշխատել։ Այդ ոլորտում դեռ շատ անելիքներ ունենք»,- ընդգծեց նա։