Հայաստանի արտահանման 80%-ը դեպի ԵՄ կարող է ազատվել մաքսատուրքերից. Եվրահանձնաժողովի նախագահ
02/07/2026 12:36

Հայաստանի արտահանման 80%-ը դեպի ԵՄ կարող է ազատվել մաքսատուրքերից. Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Եվրոպական միությունը շուտով Հայաստանին կհատկացնի լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ երկրի առևտրային հնարավորությունների ամրապնդման նպատակով։

Նրա խոսքով՝ այս գումարը վերջնական մասն է այն 52 միլիոն եվրոյի աջակցության փաթեթի, որի շուրջ կողմերը պայմանավորվել էին հունիսի սկզբին հեռախոսազրույցի ընթացքում։

Ֆոն դեր Լայենը նաև հայտնեց, որ ԵՄ-ն առաջարկում է կիրառել այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցներ, որոնց շնորհիվ դեպի Եվրամիություն հայկական արտահանման շուրջ 80 տոկոսն ազատված կլինի մաքսատուրքերից։

«Մենք կարող ենք այն արտադրանքները, որոնք այժմ հիմնականում ուղղվում են ռուսական շուկա, վերաուղղորդել դեպի ԵՄ միասնական շուկա՝ 450 միլիոն սպառողների»։

Եվրոպական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ այս նախաձեռնությունը եվրոպական շուկան կբացի Հայաստանի թարմ գյուղատնտեսական արտադրանքի գրեթե 99 տոկոսի, ինչպես նաև խմիչքների և ոգելից խմիչքների արտահանման շուրջ 90 տոկոսի համար։

Ֆոն դեր Լայենը նշեց, որ սա համագործակցության ընդամենը սկիզբն է՝ հավելելով, որ ԵՄ-ն ցանկանում է աջակցել Հայաստանին նաև էներգամատակարարումների բազմազանեցման հարցում։ Այդ նպատակով արդեն հաջորդ շաբաթ Եվրամիությունից փորձագետների խումբ կժամանի Հայաստան։

Հայաստանի արտահանման 80%-ը դեպի ԵՄ կարող է ազատվել մաքսատուրքերից. Եվրահանձնաժողովի նախագահ