ՔՊ-ն արդեն գիտի ՍԴ-ի որոշումը, դրա համար էլ սկսել է պաշտոններ բաժանել. ՍԴ-ն ընտրությունների հարցում միշտ պաշտպանել է գործող իշխանություններին. վերլուծաբան
02/07/2026 14:05

ՔՊ-ն արդեն գիտի ՍԴ-ի որոշումը, դրա համար էլ սկսել է պաշտոններ բաժանել. ՍԴ-ն ընտրությունների հարցում միշտ պաշտպանել է գործող իշխանություններին. վերլուծաբան

Մինչ Սահմանադրական դատարանում դեռ շարունակվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների քննությունը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն հրապարակել է Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահի և խմբակցության ղեկավարի թեկնածուների անունները։ Այս հանգամանքն ընդդիմությունը քննադատում է։ Պնդում է, որ մինչև ՍԴ վերջնական որոշումը՝ պաշտոնների բաշխումն անտեղի է։

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բադալյանի գնահատմամբ՝ իշխանության այս քայլը պայմանավորված է այն համոզմամբ, որ Սահմանադրական դատարանի որոշումը չի փոխելու քաղաքական իրավիճակը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ անկախ ՍԴ-ի որոշումից՝ նոր ընտրություններ չեն լինելու։ ՍԴ նոր կազմը նրա համար չի հաստատվել, որ անկախ որոշումներ կայացնի։ Պետք է հիշենք, որ 1996 թվականից սկսած, երբ ընդդիմությունը բողոքարկել է ընտրությունների արդյունքները, Սահմանադրական դատարանը մշտապես որոշումներ է կայացրել իշխանության օգտին։ Միայն 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո առաջարկվեց վստահության հանրաքվե անցկացնել, սակայն այդ նախաձեռնությունը մերժվեց երկրորդ նախագահի կողմից»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Բադալյանը։

Նրա խոսքով՝ վերջին 35 տարիների փորձը ցույց է տալիս, որ ՍԴ-ն ընտրությունների հարցում միշտ պաշտպանել է գործող իշխանություններին. 

«Դրա  համար կարող ենք ասել, որ վարչապետն արդեն շատ լավ գիտի, թե  ՍԴ-ն  ինչ որոշում է կայացնելու, դրա համար էլ սկսել են պաշտոններ բաժանել։ ՔՊ-ն հստակ ծրագիր ունի և հստակ գնում է առաջ, ընդդիմությունը ծրագիր չունի, նրանք պահից ելնելով են գործողություններ անում, փորձում են մտնել իշխող քաղաքական ուժի ծրագրի, խաղի մեջ և հաղթել ՔՊ-ին, ինչը չի կարող։ ՔՊ-ն իր խաղն ու ծրագիրն ունի, մի կողմ դնենք՝ օրինական է, թե ոչ, ոչ մեկին դա չի հետաքրքրում, հասարակությանն էլ առանձնապես չի հետաքրքրում»։

Բադալյանի համար տարօրինակ է, որ ընդդիմությունն իր կողմնակիցներին հրավիրում է ՍԴ-ի դիմաց բողոքի ու այնտեղ ընդամենը մի քանի հարյուր հոգի է հավաքվում. «Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ընդդիմությունն իր խաղի կանոնը չունի»։

Ըստ նրա՝ ընդդիմությունը փորձում է ՍԴ-ում ապացուցել մի բան, որն իրական է, սակայն դա նրանց չի հաջողվի հաստատել. «Ընդդիմությունը չի ընդունում իր սխալները, նրանց թվում է, թե շատ խելոք են։ Իրենք հասարակության հետ աշխատելու լուրջ խնդիր ունեն։ Նրանք շատ սխալ ռազմավարությամբ են գնում ու դժվար արդյունքի հասնեն»։

Հեղինակ`Դուսյա Ղազարյան
ՔՊ-ն արդեն գիտի ՍԴ-ի որոշումը, դրա համար էլ սկսել է պաշտոններ բաժանել. ՍԴ-ն ընտրությունների հարցում միշտ պաշտպանել է գործող իշխանություններին. վերլուծաբան