Ռուսաստանի հետ հարաբերություններին այլընտրանք գտնել չի հաջողվելու, և իշխանությունները ստիպված են լինելու կարգավորել դրանք. Արա Պողոսյան
02/07/2026 21:38

Ռուսաստանի հետ հարաբերություններին այլընտրանք գտնել չի հաջողվելու, և իշխանությունները ստիպված են լինելու կարգավորել դրանք. Արա Պողոսյան

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է՝  «Հայաստանը չի հրաժարվի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հնարավորությունից», միաժամանակ պնդել է, թե ինքը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների միջև ճգնաժամ ստեղծելու խնդիր չի դրել։

Քաղաքագետ Արա Պողոսյանն Aysor.am-ի հետ զրույցում նշում է՝  Եվրոպական միությանն անդամակցությունը մեկ, երկու կամ երեք տարվա խնդիր չէ.

«Դա երկարատև գործընթաց է՝ անկախ նրանից, թե Եվրոպական միության տարբեր պաշտոնյաներն ինչպիսի քաղաքական դիրքորոշում ունեն Հայաստանի նկատմամբ։

Բավական է հիշել, թե ինչպիսի վարդագույն երազներ էին ձևավորվել Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի շուրջ։ Այդ ամենը մեր աչքի առաջ էր, սակայն այդ երկրներն այսօր էլ դեռևս ԵՄ անդամ չեն դարձել։

Հայաստանի դեպքում գործընթացն ավելի բարդ է նաև աշխարհագրական պատճառներով։ Մենք չունենք ընդհանուր ցամաքային սահման Եվրոպական միության հետ, իսկ հիմնական ցամաքային հաղորդակցությունը կարող է իրականացվել միայն Վրաստանի կամ Թուրքիայի միջոցով։ Այդ պատճառով ճանապարհը լինելու է ավելի դժվար՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական տեսանկյունից, և սա նաև եվրոպական կողմի համար լուրջ հաշվարկների հարց է»։

Ըստ Պողոսյանի՝  այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը կշարունակի փորձել մանևրել՝ տարբեր լսարանների համար տարբեր ուղերձներ հղելով.

«Իր հիմնական ընտրազանգվածին, որը մեծապես ձևավորվել է հակառուսական միֆերին հավատացողների վրա, կփորձի համոզել, թե Հայաստանը գնում է դեպի Եվրոպական միություն, իսկ մյուսներին՝ թե Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու փորձեր են արվելու։

Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ հարաբերություններին այլընտրանք գտնել չի հաջողվելու, և իշխանությունները ստիպված են լինելու այս կամ այն ճանապարհով փորձել դրանք կարգավորել։ Հակառակ դեպքում Հայաստանի տնտեսության համար կարող են առաջանալ  ծանր հետևանքներ, եթե չգտնվեն կենսունակ այլընտրանքային լուծումներ»։