.jpg)
«HI AREV» անսամբլի փոքրիկ արտիստների մեծ առաքելությունը
Բազմաժանր երգացանկ, ինքնատիպ բեմադրություններ, գունեղ ու բազմաոճ զգեստավորում և բարձր կատարողական արվեստ. «HI AREV» անսամբլը, գեղարվեստական ղեկավար Թագուհի Գևորգյանի և երաժշտարվեստին նվիրված պատանի արտիստների շնորհիվ, վաղուց դարձել է հանդիսատեսի սիրելի մանկապատանեկան երաժշտական խմբերից մեկը։ Ժամանակի շնչով ներկայացնելով հայկական երգն ու մշակույթը՝ անսամբլը ելույթներով հանդես է գալիս Հայաստանում, մասնակցում համահայկական մշակութային միջոցառումների, համագործակցում ճանաչված հայ երգիչների հետ՝ ամեն անգամ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։
Ստեղծագործական հերթական նախաձեռնությունը ներկայացվեց հունիսի 26-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։ «Հայաստանն է մեր տունը» երաժշտաթատերական ներկայացման ընթացքում հին ու նոր երգերը միավորվել էին մեկ գաղափարի շուրջ՝ հայրենիքի, ընտանիքի, հարազատ տան և ազգային արմատներին հավատարիմ մնալու կարևորության մասին։ «HI AREV»-ի «Հայաստանն է մեր տունը» ներկայացումը դարձավ յուրօրինակ առաքելություն, կոչ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերին՝ անկախ բնակության վայրից, լեզվից ու անցած ճանապարհից, հիշելու, որ բոլորիս տունը Հայաստանն է։
Դահլիճը լեցուն էր, իսկ յուրաքանչյուր կատարում ուղեկցվում էր բուռն ծափահարություններով ու անկեղծ ոգևորությամբ։ Գունեղ բեմադրությունը, տպավորիչ կերպարները և ժամանակակից մատուցումը ստեղծել էին տոնական մթնոլորտ, որը գրավեց թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին։ Ներկայացումը երգի, պարի և պարզ ժպիտների ուրախ ճանապարհորդություն էր մանուկների մոլորակում։
Մանե Սահակյան