Պատկերացնո՞ւմ եք՝ կենդանին իրենց համար գույք է. առյուծին տեղափոխել են՝ անտեսելով մասնագետների կարծիքը. բնապահպանը միջազգային փորձաքննություն է պահանջում
08/07/2026 15:32

Պատկերացնո՞ւմ եք՝ կենդանին իրենց համար գույք է. առյուծին տեղափոխել են՝ անտեսելով մասնագետների կարծիքը. բնապահպանը միջազգային փորձաքննություն է պահանջում

Բնապահպան Սիլվա Ադամյանը համոզված է, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող առյուծի անկման դեպքը պետք է գնահատել բացառապես կենդանիների պաշտպանության և մասնագիտական մոտեցումների տեսանկյունից՝ առանց այն քաղաքականացնելու։

Aysor.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իր դիրքորոշումն այս հարցում նույնն է, ինչ ցանկացած կենդանու դեպքում։

«Ինչպես մյուս կենդանիներին եմ վերաբերվում, այնպես էլ այս առյուծին։ Բացարձակ չեմ ուզում հարցը քաղաքականացնել։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ես սա որպես քաղաքական խնդիր եմ դիտարկում, չարաչար սխալվում է»,- ասաց Ադամյանը։

Հիշեցնենք, որ իրավապահները Գագիկ Ծառուկյանի տարածքից տեղափոխել էին երկու առյուծ և մեկ վագր։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել և անկել է։

Բնապահպանի խոսքով՝ կենդանիների տեղափոխման գործընթացում անհրաժեշտ էր առավել սերտ համագործակցել ոլորտի մասնագետների հետ։

«Պետք է լսեին մասնագետներին, որոնք առաջարկել էին կենդանիներին թողնել իրենց սովորական միջավայրում և անհրաժեշտ բուժօգնությունն այնտեղ ցուցաբերել։ Սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել՝ պատճառաբանելով, որ դրանք գույք են և պետք է տեղափոխվեն։ Պատկերացնո՞ւմ եք՝ կենդանին գույք է։ Եթե իրենց համար գույք է, ապա մեզ համար կենդանին շնչող էակ է»,- նշեց նա։

Միաժամանակ Սիլվա Ադամյանը կրկնեց իր վաղեմի դիրքորոշումը, որ դեմ է մասնավոր կենդանաբանական այգիների գոյությանը՝ անկախ նրանից, թե ով է դրանց սեփականատերը։

«Ինձ համար նշանակություն չունի, թե ով է տերը։ Ես միշտ դեմ եմ եղել և շարունակելու եմ դեմ արտահայտվել, երբ մարդիկ իրենց տարածքներում պահում են նման գիշատիչների։ Սակայն այս դեպքում կա նաև իրավական հարց՝ պետք է պարզել՝ կենդանիները Հայաստան բերվել են օրինակա՞ն ճանապարհով, տարածքն ունե՞ր համապատասխան թույլտվություններ և լիցենզիա։ Այս հարցերը նախկինում ևս բարձրաձայնել ենք, բայց պատասխաններ չենք ստացել։ Եթե ամեն ինչ օրինական է եղել, ապա ոչ ոք իրավունք չուներ նման ձևով կենդանիներին տեղափոխելու՝ անտեսելով մասնագետների կարծիքը»,- ասաց բնապահպանը։

Ադամյանի գնահատմամբ՝ առյուծի անկման պատճառներից մեկը կարող էր լինել նրա առողջական վիճակը և տեղափոխման ընթացքում կիրառված մոտեցումները։

«Կենդանին տարիքային և քրոնիկ խնդիրներ ուներ, և եթե ներարկման դոզաները ճիշտ չեն հաշվարկվել, դա կարող էր հանգեցնել նման հետևանքի։ Միջազգային չափանիշներով կենդանիների տեղափոխման ժամանակ առաջին հերթին գնահատվում է, թե տեղափոխությունն ինչ ազդեցություն կունենա կենդանու առողջության վրա»,- նշեց նա։

Բնապահպանը հիշեցրեց նաև իր մասնակցությունը Գյումրու կենդանաբանական այգուց կենդանիների տեղափոխման աշխատանքներին՝ ընդգծելով, որ ճիշտ կազմակերպման դեպքում հնարավոր է նման գործընթացն իրականացնել առանց կորուստների։

«Ես մասնակցել եմ Գյումրու կենդանաբանական այգու կենդանիների տեղափոխմանը։ Նրանք շատ ծանր վիճակում էին, սակայն ամբողջ գործընթացն իրականացվեց բարձր մասնագիտական մակարդակով, և կենդանիները վերականգնվեցին։ Միայն մեկ անկման դեպք եղավ, այն էլ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կենդանու դեպքում»,- ասաց նա։

Սիլվա Ադամյանը դիմել է նաև միջազգային կենդանիների պաշտպանության կազմակերպություններին՝ խնդրելով ուշադրություն դարձնել տեղի ունեցածին և նախաձեռնել անկախ փորձաքննություն․

«Ես արդեն նամակներ եմ ուղարկել միջազգային կենդանապաշտպան կազմակերպություններին՝ խնդրելով ուսումնասիրել այս դեպքը և իրականացնել անկախ փորձաքննություն։ Թե որքանով նրանք կարձագանքեն՝ չեմ կարող ասել, բայց այն, ինչ ինձնից կախված է, անում եմ»։

Հեղինակ`Դուսյա Ղազարյան