.jpg)
Մարդու սեփականությունն այլևս անձեռնմխելի չէ, իսկ կատարվածի հիմքում անձնական վրեժխնդրություն է․ Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված գործողությունները խախտում են եվրոպական իրավունքի հիմնարար սկզբունքները՝ Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով խուզարկությունների ընթացքում կենդանիների առգրավման և դրանց հետ կապված զարգացումներին։
Նրա խոսքով՝ եվրոպական իրավունքի առանցքային արժեքներից մեկը սեփականության անձեռնմխելիության իրավունքն է և այն այս օրերին խախտվել է:
«Եվրոպական իրավունքի «սուրբ կովը» մարդու սեփականության անձեռնմխելիության իրավունքն է։ Գալ, այդպես վերցնել մարդու սեփականությունը և այն անվանել «իրեղեն ապացույց», այն դեպքում, երբ հայաստանյան բնակլիմայական պայմաններում այդ կենդանիները չեն հանդիպում, և որևէ կերպ հնարավոր չէ ապացուցել, որ դրանք որսագողության կամ ապօրինի որսի հետևանք են, ակնհայտորեն հակասում է իրավական սկզբունքներին»,- նշեց Զոհրաբյանը։
Նա համոզված է, որ խախտվել են նաև կենդանիների պաշտպանությանն առնչվող բոլոր նորմերը։
«Այդ կենդանիներին քնեցնելուց առաջ պարտադիր պետք էր ուսումնասիրել նրանց բժշկական փաստաթղթերը, պարզել՝ ինչ պատվաստումներ են ստացել, ինչ հիվանդություններ ունեն, ինչն է նրանց ցուցված կամ հակացուցված։ Խոսքը հազվագյուտ կենդանիների մասին է, որոնցից մեկն իր չափերով և գունավորմամբ նույնիսկ գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։ Ակնհայտ է, որ այս ամենը չի արվել, և սա կենդանիների իրավունքների կոպիտ խախտում է»,- ասաց նա։
Միաժամանակ Զոհրաբյանը քննադատեց կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին՝ նշելով, որ դրանց արձագանքի բացակայությունը մտահոգիչ է. «Տեսնում եմ զրոյական արձագանք, այն դեպքում, երբ այդ կազմակերպությունները շատ լավ գիտեն օրենսդրությունը և հասկանում են, որ նման կենդանիների նկատմամբ որևէ գործողություն իրականացնելուց առաջ անհրաժեշտ էր ամբողջությամբ ուսումնասիրել նրանց առողջական վիճակը։ Կարծում եմ՝ հերթական անգամ ամեն ինչ կավարտվի նրանով, որ պատասխանատվությունը կբարդվի մեկ անձի վրա, իսկ իրական համակարգային խնդիրը կմնա չլուծված»։
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի ձերբակալության կադրերին՝ նախկին պատգամավորը նշեց, որ դրանք ևս իրավական և բարոյական լուրջ հարցեր են առաջացնում։
«Կարելի է փաստել, որ մարդու սեփականությունն այլևս անձեռնմխելի չէ։ Ինձ արդեն չի զարմացնում նաև միջազգային կառույցների լռությունը, երբ 70-ամյա մարդուն, որը որևէ դիմադրություն չէր ցուցաբերում, տապալում են գետնին։ Ընդհակառակը՝ նա ինքն էր ընդառաջ գնացել իրավապահներին։ Այս ամենը անում են հասարակության մի շատ փոքր զանգվածի համար։ Երբ ես հանրության արձագանքը տեսա, հասկացա, որ մեր հասարակությունը մեծամասամբ կորած չէ, քանի որ գերակշիռ մեծամասնության մոտ, բացի այն փոքր տոկոս մոլագարներից, որոնք խրախճանքի մեջ էին, այդ տեսարանները թողել են զարհուրելի, անմարդկային տպավորություն»,- ընդգծեց նա։
Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ կատարվածը անձնական վրեժխնդրության հետևանք է.
«Թե իրականում ինչն է այս անձնական վրեժխնդրության խորքային պատճառը, չեմ կարող ասել։ Բայց այն, որ կատարվածը հրահանգավորված և թիրախավորված գործողություն էր, իսկ հրապարակված կադրերը նպատակ ունեին ծառայելու այդ նույն նպատակին, կարծում եմ՝ այստեղ երկու կարծիք լինել չի կարող»,- եզրափակեց նա։