.jpg)
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել։
Այս մասին Aysor.am- ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
«Երեք մեղադրյալ կար, այս պահի դրությամբ երեքն էլ կալանավորված են»,- Aysor.am-ին ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում միաժամանակյա խուզարկություններ էին կատարվել:
Ըստ քննչական կոմիտեի՝ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա և ապրանքներ՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։
Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է։ Նրա փաստաբանական թիմն անհիմն է որակում մեղադրանքը, դատարանի որոշումը կբողոքարկեն:
Բացի այս, Ծառուկյանն անցնում է նաև վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով։
Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել էին տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Կենդանաբանական այգի։
Առյուծներից մեկը մեկ օր անց անկեց։