.jpg)
Իրկուտսկում խեղդվել են 4-ամյա երեխան և նրան օգնել փորձող տղամարդկանցից մեկը, մյուսին որոնում են
Իրկուտսկի մարզում հայտնաբերվել է 4 տարեկան տղայի մարմինը, որին գետի հոսանքը տարել էր ռաֆթինգի ժամանակ, երբ նա մոր հետ մասնակցում էր գետային արշավին։
SHOT-ի տեղեկություններով՝ երեխայի մարմինը հայտնաբերվել է Շելեխովի շրջանում՝ գետի ափամերձ հատվածում։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել էին յոթ օր։ Ավելի վաղ հայտնաբերվել էր նաև այն տղամարդկանցից մեկի մարմինը, ով նետվել էր երեխային օգնության։ Երկրորդ տղամարդու որոնումները դեռ շարունակվում են։
Երեխան ծնողների հետ Իրկուտ գետում ամեն ամառ մասնակցում էր ռաֆթինգի՝ սկսած մեկ տարեկանից։ Նա ջրից չէր վախենում և կարողանում էր լողալ։ Այս տարի, սակայն, արշավին մասնակցում էր միայն մոր հետ, քանի որ հայրը չէր կարողացել մեկնել։
Դեպքը տեղի էր ունեցել անցած շաբաթ՝ 49 հոգուց բաղկացած խմբի զանգվածային ռաֆթինգի ընթացքում։ Խումբը կանգ էր առել հանգստի համար, և այդ ընթացքում 4-ամյա տղան ու 8-ամյա աղջիկը մտել էին ջուրը։ Օգնության էին շտապել երկու տղամարդ, որոնց հաջողվել էր փրկել աղջկան, սակայն տղային փրկել չէր հաջողվել։