ArcaPay, ArcaQR վճարումների հնարավորությունը ՀՀ-ից դուրս ընդլայնվում է. Arca-ն ներկայացրել է զարգացման արդյունքներն ու առաջիկա ծրագրերը
09/07/2026 15:18

ArcaPay, ArcaQR վճարումների հնարավորությունը ՀՀ-ից դուրս ընդլայնվում է. Arca-ն ներկայացրել է զարգացման արդյունքներն ու առաջիկա ծրագրերը

ArcaPay, ArcaQR, Arca-ով վճարումների հնարավորությունը ՀՀ-ից դուրս ընդլայնվում է. Arca ազգային վճարային համակարգի ներկայացուցիչները մամուլի ասուլիս են հրավիրել, որի ընթացքում ներկայացրել են ընկերության գործունեության արդյունքները:

Arca-ի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը, ներկայացնելով ընկերության գործունեության հիմնական արդյունքները, հայտնել է, որ Հայաստանի ազգային վճարային համակարգի՝ Arca-ի ներդրումից ի վեր ստեղծվել է ազգային քարտային համակարգը, թողարկվել են առաջին տեղական (Arca) և միջազգային քարտերը (Visa, Master), ներդրվել են միջազգային անվտանգության ստանդարտները, գործարկվել են Arca վճարային կաբինետն ու առաջինը Հայաստանում՝ Arca հավելվածը:

Բացի այդ, ըստ նրա՝ Հայաստանում հասանելի են դարձել Apple Pay-ն ու Google Pay-ը: Վարդան Խաչատրյանի փոխանցմամբ՝ 2024 թվականին մեկնարկել է ArcaPay-ը՝ որպես տարբեր ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների միջև ակնթարթային փոխանցումների առաջին միասնական համակարգ, իսկ արդեն անցած տարի ներդրվել է ArcaQR միասնական վճարային համակարգը։ Բացի նրանից, որ Arca-ն ինքնուրույն վճարային համակարգ է, այն նաև միավորում է Հայաստանի վճարահաշվարկային համակարգի հիմնական մասնակիցներին։

Arca-ի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանն ընդգծել է, որ Arca-ն շարունակաբար ներդնում է նորարարական լուծումներ՝ նպաստելով Հայաստանի վճարային համակարգի զարգացմանը, ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացմանը և անվտանգ վճարային միջավայրի ձևավորմանը։

Նրա խոսքով՝ Arca-ի գլխավոր առաքելությունը Հայաստանի վճարային համակարգի սուվերենության, ինքնիշխանության պահպանումն է՝ ծառայությունների անխափանության և համակարգի անվտանգության ապահովմամբ:

«Մեր ընկերության տեսլականն է լինել հուսալի և նորարար ազգային վճարային համակարգ, և սրանք պարզապես բառեր չեն։ Մենք, ձգտելով ցույց տալ լավագույն արդյունքները, սահմանել ենք շեմ, որ առաջիկա 5 տարիների ընթացքում մեր համակարգային հասանելիությունը պետք է լինի 99.982%։ Միևնույն ժամանակ նշենք, որ 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է 99.780%, իսկ վերջին վեց ամսվա տվյալներով այն 99.991% է։ Սա լավագույն ցուցանիշն է (միջազգային չափանիշներով), որին ձգտում ենք հասնել ընկերության ռազմավարությամբ մինչև 2030 թվականը»,-նշել է գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը:

Arca-ի խորհրդի անկախ անդամ Արա Աբրահամյանը շեշտել է, որ Arca-ի համար այսօր խիստ կարևոր է այս բնագավառում աշխարհում ընթացող նորարարական զարգացումներից հետ չմնալը և համակարգի անխափանության ապահովումը։

Arca-ի զարգացման տնօրեն Ռուբեն Սաղոյանն էլ նկատել է, որ մինչև 2027 թվականի առաջին եռամսյակը Arca քարտերը հնարավոր կլինի կցել Google Pay-ին, իսկ երկրորդ կիսամյակում՝ Apple Pay-ին՝ նշելով, որ այս պահին ակտիվ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ՝ հաշվի առնելով մեծ պահանջարկը։

Arca-ի խորհրդի նախագահ Վարդան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ անկանխիկ գործարքների տեսակարար կշիռը շարունակում է աճել ՀՀ-ում, և համակարգի քարտերով արտերկրում իրականացրած գործարքների թիվն արդեն 4-րդ տարին անփոփոխ է՝ 9% շեմ ունի: Անդրադառնալով Arca համակարգի միջոցով իրականացրած գործարքների ծավալին և քանակին՝ Վարդան Խաչատրյանը մանրամասնեց, որ անցյալ տարի ծավալը կազմել է 18 տրիլիոն դրամ, իսկ գործարքների քանակը՝ 1 միլիարդ:

Ընկերության խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանը հավելել է, որ Arca-ն դարձել է մասնավոր-պետություն համագործակցության եզակի օրինակ՝ պետական և մասնավոր ներդրումների հաշվին ստեղծվել է վճարային ենթակառուցվածք։

Նշենք, որ դեռևս 26 տարի առաջ՝ 2000 թվականին, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և ՀՀ-ում գործող տասը առևտրային բանկերի նախաձեռնությամբ հիմնադրվեց Հայաստանի ազգային վճարային համակարգը՝ Arca-ն (Armenian Card):

Arca-ի բաժնետերերն են Հայաստանի Կենտրոնական բանկը՝ 55%, և ՀՀ-ում գործող առևտրային բանկերը (բոլորով միասին՝ 45%, յուրաքանչյուրը՝ 1,25-6,25 %-ի չափով): Խորհուրդը կազմված է յոթ հոգուց, ունի երեք ներկայացուցիչ ՀՀ բանկերից, երեք անկախ անդամ և մեկ ներկայացուցիչ՝ հիմնական բաժնետեր հանդիսացող Կենտրոնական բանկից, որը խորհրդի նախագահն է։

ArcaPay, ArcaQR վճարումների հնարավորությունը ՀՀ-ից դուրս ընդլայնվում է. Arca-ն ներկայացրել է զարգացման արդյունքներն ու առաջիկա ծրագրերը