Փաշինյանը դատի է տվել իր նախկին գործընկերներ Սոֆյա Հովսեփյանին և Էդմոն Մարուքյանին
11/07/2026 18:00

Փաշինյանը դատի է տվել իր նախկին գործընկերներ Սոֆյա Հովսեփյանին և Էդմոն Մարուքյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել իր նախկին թիմակից, նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել և հերքում տարածել «զրպարտություն և վիրավորանք պարունակող արտահայտությունների համար»։ Դատական հայցի համար հիմք է հանդիսացել  կայքերից մեկում տեղ գտած Հովսեփյանի հարցազրույցը, որտեղ նախկին պատգամավորը կոշտ քննադատություն է հնչեցնում Փաշինյանի հասցեին, հաղորդում է Factor.am-ը։

Վիրավորանք պատճառելու համար, որպես ոչ նյութական փոխհատուցում, Փաշինյանը հօգուտ իրեն պահանջում է Հովսեփյանից բռնագանձել 2 միլիոն դրամ, իսկ զրպարտության համար՝ 4 միլիոն դրամ։

Հայցադիմումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան է ուղարկվել հուլիսի 9-ին և մակագրվել դատավոր Լիլիթ Խաչատրյանին։

«Հետք»-ն էլ հաղորդում է, որ Փաշինյանը մեկ այլ նախկին թիմակցի՝ Էդմոն Մարուքյանի դեմ էլ է հայց ներկայացրել։

Էդմոն Մարուքյանը  իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանին ընտրակեղծարար է անվանել, նա էլ    այդ արտահայտությունը համարել է վիրավորանք։

Մարուքյանի դեմ ներկայացված հայցի մանրամասները և ամբողջական պահանջը հայտնի չեն, քանի որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տվյալները թերի են լրացված։

Մարուքյանի դեմ հայցը  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել  հուլիսի 9-ին։ Վարույթ ընդունելու վերաբերյալ տեղեկություններ չկան։