Սիրո և նվիրումի ուժը. դուստրը մոր դոնորն է
13/07/2026 17:46

Սիրո և նվիրումի ուժը. դուստրը մոր դոնորն է

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում այսօր իրականացվեց ցողունային բջիջների հերթական հավաքագրումը՝ մայրիկի համար դոնոր դարձավ դուստրը։

Այս անգամ հիվանդի դոնորը դարձավ նրա դուստրը։ Մայրը վստահ էր, որ հենց ավագ դուստրը կլինի իր լավագույն դոնորը, և այդպես էլ եղավ։ Ռեեստրի լաբորատորիայում համատեղելիության հաստատումից հետո դուստրը առանց վարանելու համաձայնեց նվիրաբերել իր արյունաստեղծ ցողունային բջիջները՝ մորը կյանքի ևս մեկ հնարավորություն պարգևելու համար։ Այս նվիրատվությունը դարձավ ոչ միայն բժշկական կարևոր քայլ, այլև սիրո, նվիրվածության և ընտանեկան ամուր կապի ամենավառ դրսևորումներից մեկը։ Այսօր իրականացված հավաքագրումից հետո բջիջները լիցենզավորված միջազգային փոխադրողի ուղեկցությամբ կմեկնեն Գերմանիա, որտեղ կիրականացվի փոխպատվաստումը։

Յուրաքանչյուր փոխպատվաստում պատասխանատվության, նվիրումի և բարձր մասնագիտական համակարգված աշխատանքի արդյունք է։ Բժիշկների, բուժանձնակազմի, լաբորատոր մասնագետների և միջազգային փոխադրողների համատեղ աշխատանքի շնորհիվ կյանքի հույսը ժամերի ընթացքում անցնում է հազարավոր կիլոմետրեր՝ հասնելով այն հիվանդին, որի համար յուրաքանչյուր րոպեն վճռորոշ է։

Այս պատմությունը հերթական անգամ հիշեցնում է, որ ամենամեծ ուժերից մեկը սերն ու նվիրումն են։ Երբ դուստրը դառնում է մոր դոնորը, կենսատու բջիջները փոխանցում են ոչ միայն բուժման հնարավորություն, այլև ընտանիքի անսահման հավատն ու պայքարի ուժը՝ հանուն կյանքի։

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն:

Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան  33.500 դոնոր, ռեեստր դիմած 6367 հիվանդի հետ նախնական համընկնող 6416 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 45-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամ

Սիրո և նվիրումի ուժը. դուստրը մոր դոնորն է