«ԶԱՐԿ» էկոճամբարում կայացավ «ՀամաԶԱՐԿային խաղեր 2026» ընտանեկան փառատոնը (Տեսանյութ)
13/07/2026 14:07

«ԶԱՐԿ» էկոճամբարում կայացավ «ՀամաԶԱՐԿային խաղեր 2026» ընտանեկան փառատոնը (Տեսանյութ)

«ԶԱՐԿ» էկոճամբարում կայացավ «ՀամաԶԱՐԿային խաղեր 2026» ընտանեկան փառատոնը։ ՀամաԶԱՐԿային խաղերի նպատակն է մեկտեղել «ԶԱՐԿ» կրթական ծրագրի շահառու սաներին, նրանց ծնողներին, գործընկերներին, աջակիցներին, հովանավորներին և միասին փառատոնային ձևաչափով տոնելու այն ողջ գիտելիքը և հմտությունները, որոնք ԶԱՐԿ-ի սաները տարվա ընթացքում ստանում են իրենց մասնաճյուղերում։

ԶԱՐԿ-ը կրթական ծրագիր է, որն աշխատում է 10-17 տարեկան երեխաների հետ և որի նպատակն է մեծացնել հոգով և մարմնով ուժեղ սերունդ։

Ծրագիրը գործում է ինտենսիվ արտադասարանային և ոչ ֆորմալ ձևաչափով՝ շաբաթական 3 անգամյա կանոնավոր մարզումներ իրականացնելով երեխաների հետ՝ մինչև 20 հոգանոց խմբերի հետ՝ տարիքային բաժանմամբ և սեփական համայնքում, սեփական բնակավայրում։

Մարզումները հիմնականում անցկացվում են երեխաների դպրոցների կամ համայնքային մարզադահլիճներում։

Կրթական ծրագրի հիմքում ընկած է մարմնակրթական, ռազմամարզական և գաղափարային պատրաստությունը։ Մարմնակրթական պատրաստության հիմքում է առողջ մարմինը, առողջ ապրելակերպը, սեփական մարմնի մասին հոգ տանելը, ռազմամարզական կրթության հիմքում է կիրառելի կենսական հմտությունների ուսուցումը, գաղափարային պատրաստության հիմքում է երեխաների հոգեբանական կայունությունը և հայրենաճանաչությունը։

ԶԱՐԿ-ը բարեգործական ծրագիր է, գործում է անվճար հիմունքներով, երեխաները ծրագրին հաճախելու համար չեն վճարում։

Մեկ երեխայի տարեկան ուսումնառության արժեքը 250 000 դրամ է, որը գոյանում է նվիրատվությունների շնորհիվ։ ԶԱՐԿ-ին նվիրատվություններ իրականացնում են թե՛ անհատներ, թե՛ կազմակերպություններ, թե՛ խոշոր կազմակերպություններ։ Ավելի շատ երեխաների այս կրթությանը հասանելիություն տալու համար, ԶԱՐԿ-ին շարունակաբար անհրաժեշտ են նոր աջակիցներ։ Մարդիկ, ովքեր կհավատան գաղափարին, ովքեր կմիանան գաղափարին և ովքեր իրենց ներդրումը կունենան հայրենանվեր կրթական ծրագրերում։

Բացի հիմնական մարզումները՝ շաբաթական 3 անգամյա կտրվածքով, ԶԱՐԿ-ը նաև իրականացնում է ամսական հավաքներ միջմարզային կտրվածքով, որտեղ նույն մարզում գործող տարբեր համայնքների և գյուղերի շահառու երեխաները հավաքվում են 1 կետում՝ իրար ճանաչելով և գործնական մարզումներ իրականացնելով, կիսամյակային կտրվածքով անցկացվում են Որակավորման քննություններ, որտեղ երեխաները գնահատվում են և ստուգում են իրենց ստացած գիտելիքը և հմտությունը։ Տարեկան մի քանի անգամ ծրագիրն իրականացնում է մեծ ճամբարային հավաքներ, որտեղ արդեն ներգրավում են տարբեր մարզերում ուսումնառություն ստացող սաները և կարողանում են համատեղ կենցաղ կիսելով ձեռք բերել նոր ընկերներ, գործնականում կիրառել իրենց մասնաճյուղերում սովորած գիտելիքը և վերադառնալ նոր գիտելիքի պաշարով։

ԶԱՐԿ-ի հիմքում կարևորագույն արժեքներից և նպատակներից է երեխաներին թիմային աշխատանք սովորացնելը, թիմ գաղափարին ծանոթացնելը, թիմում իրենց տեղն ու դերը հստակ գիտակցելը, նպատակն է երեխաներին սովորեցնել ինքնակազմակերպել, արագ կողմնորոշվել, ցանկացած արտակարգ իրավիճակում արագ և ճիշտ գործել, լինել կարգապահ, պատասխանատու, հայրենաճանաչ ընկերասեր։

«ԶԱՐԿ» էկոճամբարում կայացավ «ՀամաԶԱՐԿային խաղեր 2026» ընտանեկան փառատոնը (Տեսանյութ)