.jpg)
Թեհրանում Վաշինգտոնին մեղադրել են խաղաղության պայմանավորվածությունները խախտելու և լարվածության թուլացման գործընթացը տապալելու մեջ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նոր հարվածները Իսլամական Հանրապետության տարածքին՝ դրանք անվանելով ՄԱԿ-ի կանոնադրության և ռազմական համաձայնությունների կոպիտ խախտում։
«Հրադադարի համաձայնագրի ստորագրումից ընդամենը 25 օր անց ամերիկյան վարչակարգը բացահայտորեն խախտել է դրա գրեթե բոլոր դրույթները՝ հարվածներ հասցնելով Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքին, ձկնորսական և բեռնատար նավերին, ինչպես նաև օդերևութաբանական ծառայության օբյեկտներին»,- նշվում է արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։
Իրանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Վաշինգտոնի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում անկայունության վերադարձին և խաթարել միջազգային առևտրային նավագնացությունը։ Թեհրանը նաև պաշտոնական նախազգուշացում է հղել Պարսից ծոցի այն երկրներին, որոնց ռազմաբազաներից, ըստ հայտարարության, համակարգվում են հարձակումները։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ հարևան պետությունները պարտավոր են թույլ չտալ, որպեսզի իրենց տարածքն օգտագործվի երրորդ երկրների դեմ ագրեսիայի համար։ Հակառակ դեպքում, Իրանի հայտարարության համաձայն, ցանկացած ռազմաբազա և հարվածների իրականացման համար օգտագործվող մեկնարկային կետ կդառնա «Իրանի զինված ուժերի պաշտպանական հարվածների օրինական թիրախ»։