Անցած երեք օրում բացահայտվել է 262 հանցագործություն, գրանցվել է 50 ՃՏՊ
13/07/2026 17:19

Անցած երեք օրում բացահայտվել է 262 հանցագործություն, գրանցվել է 50 ՃՏՊ

ՆԳՆ ոստիկանության տվյալներով՝ անցած երեք օրում բացահայտվել է 262 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։

Ամենաշատը՝ 64 դեպք, վերաբերում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող, իրավունքից զրկված կամ դրա գործողությունը կասեցված անձանց կողմից մեքենա վարելուն։ Բացահայտվել է նաև 35 ֆիզիկական ներգործության, 26 մարմնական վնասվածք պատճառելու, 25-ական՝ խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման, 15 հոգեկան ներգործության և մի շարք այլ հանցագործություններ։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 4 դեպք՝ 2 շորթման, 1 ճանապարհատրանսպորտային պատահարի և 1 անձնական ունեցվածքի գողության։

Հայտնաբերվել է 17 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։ Գրանցվել է նաև զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։

Միաժամանակ, վերջին երեք օրում հանրապետությունում գրանցվել է 50 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 1 մարդ զոհվել է, 74-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։