Ինչ է ջերմային «գմբեթը»
14/07/2026 16:56

Ինչ է ջերմային «գմբեթը»

 Վերջին մոտ երկու ամսվա ընթացքում անոմալ շոգեր են հաստատվել Եվրոպայի տարբեր մասերում։ Մարդիկ լրատվական աղբյուրներից տեղեկություն են ստանում կամ որոնում  իշխող և սպասվող եղանակի մասին ու այդ տեղեկատվական հորձանուտում ավելի հաճախ կարելի է լսել ջերմային անոմալիա, ջերմոցային գազեր ու նմանատիպ սովորական դարձած, բայց, ըստ էության. մասնագիտական եզրեր։

Ընթացիկ այդ տեղեկույթում  ավելի շատ համեմատաբար նոր եզր էր շրջանառվում/նոր լայն լսարանի համար/։ Խոսքը   «Ջերմային գմբեթ»  եզրի մասին է, որը այնքան էլ տարածված չէ, բայց այսուհետ ավելի շատ ենք լսելու և գործածելու այն։ Եվ  այսպես ինչ է ջերմային գմբեթը։ Միանգամից սահմանենք՝ ջերմային գմբեթը/heat dome/ մթնոլորտային երևույթ է, որը տեղի է ունենում, երբ բարձր  ճնշման կայուն համակարգը երկար ժամանակ մնում է նույն տարածաշրջանի վրա և ըստ էության կափարիչի պես իր տակ պահում է տաք օդային զանգվածը։ Միանգամից ասենք, որ այս օրերին  Եվրոպայում հաստատված անոմալ շոգերի հետ այն անմիջական կապ ունի, քանի որ հենց այդ երևույթի գոյությունը որևէ տարածաշրջանում արգելափակում է «հովացնող»  ցիկլոնների մուտքը ու որպես հետևանք տվյալ տարածաշրջանում ջերմաստիճանը սկսում է «պատմական ռեկորդներ սահմանել»։

Ի դեպ՝ պարզվում է, որ նշված եզրը լայնորեն սկսեց  կիրառվել 2011 թվականից՝ ԱՄՆ ազգային եղանակային  ծառայության աշխատակիցների կողմից։

Հիմա փորձենք մատչելի ձևով ու հնարավորինս քիչ մասնագիտական եզրեր ու գիտելիքներ օգտագործելով բացատրել այդ երևույթը։ Որպեսզի դրա առաջացման մեխանիզմը լավ պատկերացնենք ու ընկալենք, օգտվենք կափարիչով  կաթսայի  օրինակից։

Երբ բարձր  մթնոլորտային ճնշումը վերևից ուժգին սեղմում է ներքևում գտնվող տաք օդը, ապա տեղի է ունենում օդի մոլեկուլների խտացում ու միաժամանակ երկրի մակերևութամերձ շերտի օդի ջերմաստիճանը բարձրանում է, այսինքն այդ տեղամասում օդը տաքանում է։

Այդ պրոցեսի հետևանքով  դեպի երկրի մակերևույթ սլացող օդային հոսանքները թույլ չեն տալիս, որ ներքևի շերտերում առկա խոնավությունը վեր բարձրանա ու սկսեն ամպեր ձևավորվել։ Այսինքն ստացվում է, որ առանց ամպերի արևի ուղիղ ճառագայթները օրեր շարունակ անխոչընդոտ տաքացնում են գետինը։

Գետնից բարձրացող ջերմությունը հանդիպում է բարձր ճնշման այդ յուրահատուկ «առաստաղին»  ու նրանից անդրադառնում և ուղղորդվում կրկին դեպի գետին։

Այս երևույթի շնորհիվ վերջին շրջանում/հունիսի սկզբներից / ֆրանսիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում ջերմաստիճանը ոչ միայն հատել է 40 աստիճան ըստ ցելսիուսի սահմանը, այլև որոշ տեղերում հասել է 44-45 աստիճանի։

Պարզվում է, որ «մթնոլորտային գմբեթը»  այնքան մեծ ուժ ունի, որ փոխում է քամիների բարձր լեռնային հոսանքների ուղղությունը։ Հետաքրքիր է նշել, որ այն  մթնոլորտային երևույթները նկարագրող քարտեզների վրա  հիշեցնում է հունական «օմեգա»   տառը և օրերով, նույնիսկ շաբաթներով համարյա «անշարժ» պահում է շոգը՝ թույլ չտալով, որ Ատլանտյան օվկիանոսից եկող  զով օդը մտնի  մայցամաք։

Մթնոլորտին վերաբերող գիտության ներկայացուցիչները պարզել են, որ այս երևույթը ավելի հաճախակի է դարձել ու անմիջական կապ կա կլիմայական փոփոխությունների, գլոբալ տաքացման ու խնդրո առարկայի միջև։

Այժմ փորձենք արտաքին ինչ որ նմանություն գտնել ձմռանը Երևանում և Արարատյան դաշտավայրում ավելի ու ավելի հաճախակի դարձած սառը օդի լճացման երևույթի և ջերմային գմբեթի միջև։

Պարզվում է , որ ֆիզիկական մեխանիզմով և արտաքին դրսևորումներով դրանք ունեն նմանություններ ու ակնհայտ տարբերություն։

Երկու մթնոլորտային երևույթների դեպքում էլ «կափարիչի էֆեկտը» աշխատում է՝ արգելափակելով օդի բնականոն  շարժումը։

Ջերմային գմբեթի դեպքում վերևից եկող բարձր ճնշումն պատնեշ է դառնում և թույլ չի տալիս, որ տաք օդը բարձրանա ու հովանա,իսկ սառը օդի լճացման դեպքում տաք օդի շերտը կափարիչի նման ծածկում է ներքևում գտնվող և ավելի ծանր սառը օդը՝ թույլ չտալով որ այն ցրվի։ Նման երևույթի դեպքում  քաղաքի ծուխը,մեքենաների արտանետումները և փոշին չեն կարողանում վեր բարձրանալ ու քաղաքի վրա  կախվում է հաստ, մոխրագույն սմոգի ու մառախուղի շերտ, որը ի դեպ հստակ երևում է բարձրադիր վայրերից։ Ջերմային գմբեթի տակ, ամռանը տեղի է ունենում նույնը՝ տաք օդը սեղմում է փոշին, օզոնը, աղտոտող մասնիկները դրանք պահելով դետնին ավելի մոտ ու ստեղծելով հեղձուցիչ մշուշ։

Պարզ է, որ չնայած  այս երևույթների ֆիզիկական նմանությանը, դրանք հակադիր բևեռներ են։

Մասնավորապես, երևանյան լճացումը տեղի է ունենում լեռնային կորացած ռելիեֆի,գոգավորության պատճառով, որտեղ սառը, ծանր օդը ձմռանը իջնում է ներքև ու մնում «թակարդում», իսկ արևը դեռ այնքան ուժ չի ունենում այն տաքացնելու ու ցրելու համար։ Արդյունքում գետնի վրա  հաստատվում է ցուրտ եղանակ, իսկ լեռներում՝ համեմատաբար տաք ու արևոտ։

Ջերմային գմբեթը կախված չէ ռելիեֆից, այն հսկայական մասշտաբի մթնոլորտային երևույթ է, որը ձևավորվում է ծայրահեղ շոգ և երաշտ շատ երկրների ու ռեգիոնների վրա։

Այսպիսով  ջերմային գմբեթը առաջանում է, երբ մթնոլորտային բարձր ճնշման հզոր համակարգը տաք օդը ,,կուտակում,, է որոշակի տարածաշրջանի վրա և սեղմում է այն դեպի երկրի մակերևույթ՝ թույլ չտալով որ ջերմությունը ցրվի։ Այս երևույթի գիտական բացատրության հիմքում ընկած են ջերմադինամիկայի և գազային օրենքների հիմնարար սկզբունքները։

Ջերմային գմբեթը մթնոլորտային  ադիաբատ սեղմման, անամպ երկնքի հզոր ինսոլյացիայի/արևի ճառագայթում/ և հողի խոնավության  բացակայության  համակցված արդյունք է, որը ըստ էության նաև ինքնատիպ ջերմային «թակարդ» է։

Կամո Աթայան

Ինչ է ջերմային «գմբեթը»