.jpg)
Կոնստանտին Սոկոլովը կղեկավարի TRIPP + առևտրային հիմնադրամը. The Guardian
Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կնախագահի Պետդեպարտամենտի նոր ձեռնարկատիրական հիմնադրամը, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարը, ներառյալ՝ տրանսպորտային, էներգետիկ ենթակառուցվածքների ու կարևորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները: Այդ մասին գրում է բրիտանական The Guardian-ը:
Պարբերականը հաղորդում է, որ պետքարտուղարությունը հաստատել է նրա նշանակումը։ Սոկոլովը մեկն է 36 դոնորներից, այդ թվում՝ 21 կորպորացիաներից և 15 անհատներից ու ընտանեկան հիմնադրամներից, որոնք, ըստ Դոնալդ Թրամփի, ավելի քան 350 միլիոն դոլար են նվիրաբերել Սպիտակ տան «պարահանդեսային դահլիճի» նախագծին։
Tripp+ ձեռնարկությունների հիմնադրամը, որի հիմնադիրն ու նախագահն է Սոկոլովը, անունը ստացել է «Թրամփի ուղուց» (TRIPP), որը 27 մղոնանոց առևտրային միջանցք է՝ տարածվող Հայաստանի հարավում և Ադրբեջանում: Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ 201 միլիոն դոլարի հիմնադրամը լիազորված է տրամադրել վարկեր, բաժնետիրական ներդրումներ և դրամաշնորհներ՝ խթանելով մասնավոր հատվածի ռազմավարական զարգացումը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում։ Լրատվամիջոցը գրում է, որ փետրվարին Երևան կատարած այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Tripp+ հիմնադրամը նկարագրել էր որպես «պատմական վերափոխման» մաս, որը «կբացի առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի միանգամայն նոր աշխարհ»։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի վերջին ստորագրել էին Tripp-ի տնտեսական և անվտանգության համաձայնագիրը, Միրզոյանը մամուլին ասել էր, որ իրենք «հիմք են դնում այնպիսի տնտեսական ներգրավվածության, որը թույլ կտա հայերին գումար վաստակել և բարգավաճման հասնել, նույնն՝ ամերիկացիներին»։
The Guardian-ը գրում է՝ անհասկանալի է, թե ինչպես կարող են Սոկոլովը կամ ԱՄՆ-ն օգտվել հիմնադրամից կամ արդյոք նա փոխհատուցում կստանա՞ իր դերակատարման համար։ Նշվում է, որ Կոնստանտին Սոկոլովը Հայաստանի ամենամեծ հեռահաղորդակցության ընկերության՝ Viva Armenia-ի խոշոր բաժնետեր է, պաշտոններ է զբաղեցնում Northern Pillar Energy Consortium-ում՝ Եվրոպան և Աֆրիկան միացնող մաքուր էներգիայի ու օպտիկամանրաթելային ստորջրյա մալուխային նախաձեռնությունում, ինչպես նաև Pelagos Data Centres-ի նախագահն է՝ ըստ նրա պաշտոնական կայքի։ Սոկոլովը նաև Չիկագոյում գործող IJS Investments մասնավոր ներդրումային ընկերության հիմնադիրն է, որը մասնագիտանում է «ապագային պատրաստ» էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում, ինչպես նաև Ցյուրիխում գործող Gotthard Investment AG մասնավոր ներդրումային ընկերության հիմնադիրն է, որը կենտրոնացած է ֆինանսական ծառայությունների, էներգետիկայի և գլոբալ անշարժ գույքի վրա։
The Guardian-ը ԱՄն արտաքին աջակցության հարցերով մասնագիտացած չորս փորձագետների հետ է զրուցել, ովքեր ասել են՝ ընդունված է, որ Սպիտակ տունն ինքն ընտրի ամերիկյան նմանատիպ ձեռնարկությունների ղեկավարներին։ Այլ հարց է, որ նրանք չեն կարող անձնապես օգուտներ քաղել կատարվող ներդրումներից:
ԱՄՆ-ն նման 13 հիմնադրամ է ունեցել 1989 թվականից ի վեր, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո Կոնգրեսը 300 միլիոն դոլար ուղարկեց՝ Հունգարիայում և Լեհաստանում ներդրումներ կատարելու համար: Երեք տարի անց Կոնգրեսը լիազորեց գործադիր իշխանությանը ստեղծել նոր ձեռնարկատիրական հիմնադրամներ Արևելյան Եվրոպայի ցանկացած պետությունում: Tripp+ ձեռնարկատիրական հիմնադրամը ստեղծվել է այս՝ հետխորհրդային օրենսդրության հովանու ներքո։
«Որոշ նշաններ կան, որ Սոկոլովի ֆինանսավորման ֆոնդը կաճի»,- փոխանցում է պարբերականը՝ նշելով, որ Պետքարտուղարության արտաքին աջակցության բաժնի պաշտոնյա Ջերեմի Լևինը ապրիլին ասել է, որ գործակալությունը 400 միլիոն դոլար է ապահովել TRIPP+ հիմնադրամի համար: