Սեփականության իրավունքի խախտումները հարվածում են Հայաստանի տնտեսական և քաղաքական հեղինակությանը. վերլուծաբանը՝ «Արարատցեմենտի» պետականացման մասին
21/07/2026 14:38

Սեփականության իրավունքի խախտումները հարվածում են Հայաստանի տնտեսական և քաղաքական հեղինակությանը. վերլուծաբանը՝ «Արարատցեմենտի» պետականացման մասին

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ընկերությունը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ այս որոշումը սեփականության իրավունքի դե ֆակտո ոտնահարման հերթական դեպքն է, որը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի հեղինակության վրա։

«Եթե որևէ երկրում սեփականության իրավունքը պաշտպանված չէ, նշանակում է, որ այդ պետությունը հեղինակազրկվում է միջազգային ներդրումային միջավայրում։ Իսկ դա իր հերթին հանգեցնում է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հետևանքների։ Տնտեսությունն ու քաղաքականությունը փոխկապակցված են, և եթե հարվածի տակ է հայտնվում Հայաստանի տնտեսական հեղինակությունը, ապա հարվածի տակ է ընկնում նաև երկրի քաղաքական հեղինակությունը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Բադալյանը։

Նրա խոսքով՝ սեփականության իրավունքի պաշտպանության շուրջ ստեղծված իրավիճակը կասկածի տակ է դնում նաև ժողովրդավարական միջավայրի առկայությունը Հայաստանում։

«Եթե սեփականության իրավունքի պաշտպանության հարցը, մեղմ ասած, բաց է, նշանակում է, որ Հայաստանում փաստացի գոյություն չունի ժողովրդավարական համակեցության միջավայր։ Սեփականության իրավունքը ժողովրդավարական և ազատ հասարակությունների հիմնարար արժեքներից մեկն է, այն եվրոպական արժեքներից, որով ներկա իշխանությունը «երդվում է» պատեհ ու անպատեհ առիթներով։ Սակայն իրականության մեջ մենք տեսնում ենք բոլորովին այլ պատկեր»,- նշեց վերլուծաբանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀԷՑ-ի պետականացման գործընթացը որևէ քաղաքական հետևանք չունեցավ, և իշխանությունը շարունակում է նույն գործելաոճը, Բադալյանն ասաց, որ նման վարքագիծը կանխատեսելի է, եթե այն չի հանդիպում հակազդեցության։

«Բնական է, որ եթե քաղաքական իշխանությունը դրսևորում է որևէ վարքագիծ և դրա դիմաց չի ստանում հակազդեցություն կամ հետևանք, ապա շարունակելու է նույն կերպ գործել։ Սակայն «հետևանք» հասկացությունն ինքնին հարաբերական է։ Հարցն այն է, թե ինչպե՞ս պետք է արգելակվի այդ վարքագիծը։ Սա լուրջ քննարկման թեմա է, որովհետև Հայաստանում երկար տարիներ գնահատականները հիմնականում եղել են մեխանիկական՝ անկախ նրանից, թե որ իշխանության մասին է խոսքը»,- ասաց նա։

Բադալյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակի գլխավոր հետևանքը կրում է հասարակությունը։

«Այս ամենի հետևանքը Հայաստանի և հասարակության համար է։ Այդ պարզ իրողությունները պետք է բացատրել հանրությանը, որպեսզի իշխանությունը տեսնի, որ գործ ունի այնպիսի հասարակության հետ, որի նկատմամբ հնարավոր չէ նման մեթոդներ կիրառել»,- ընդգծեց նա։

Հարցին՝ արդյոք միակ զսպող գործոնը հասարակությո՞ւնն է, քաղաքական վերլուծաբանը պատասխանեց, որ տեսական քննարկումներն այս հարցում բավարար չեն։

«Կարելի է շատ բան ասել։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն ինքն է ասում՝ եթե չեք ուզում, կարող եք հեղափոխություն անել։ Բայց նա շատ լավ հասկանում է, որ հեղափոխությունները երբեք միայն ներքևից չեն սկսվում, և հասարակությունը պետք է գնահատի, թե որքանով են նման սցենարները իրատեսական։ Այդ պատճառով, կարծում եմ, առավել նպատակային է աշխատել հասարակության հետ, բարձրացնել իրազեկվածությունն ու ձևավորել հանրային պահանջ»,- եզրափակեց Հակոբ Բադալյանը։

Հեղինակ`Դուսյա Ղազարյան
Սեփականության իրավունքի խախտումները հարվածում են Հայաստանի տնտեսական և քաղաքական հեղինակությանը. վերլուծաբանը՝ «Արարատցեմենտի» պետականացման մասին