Ինչու՞ առողջ ապրելակերպի մասին գիտելիքը դեռ չի վերածվում գործնական արդյունքի
21/07/2026 17:08

Ինչու՞ առողջ ապրելակերպի մասին գիտելիքը դեռ չի վերածվում գործնական արդյունքի

Երևանում կայացավ Ապրելակերպի բժշկության ասոցիացիայի առաջին հանդիպումը:

«Ավելի շատ քայլեք, առողջ սնվեք, լավ քնեք, հրաժարվեք վնասակար սովորույթներից»․ այս խորհուրդները վաղուց դարձել են առողջության մասին ցանկացած զրույցի անբաժանելի մասը։ Սակայն իրական կյանքում մարդկանց մեծ մասը դժվարությամբ է դրանք վերածում կայուն սովորությունների։

Հենց այս բացն է փորձում լրացնել ապրելակերպի բժշկությունը (Lifestyle Medicine)՝ բժշկության համեմատաբար նոր ուղղությունը, որն արդեն լայնորեն զարգանում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Հուլիսին Երևանում կայացավ Հայաստանի Ապրելակերպի բժշկության ասոցիացիայի առաջին մասնագիտական հանդիպումը, որը համախմբեց տարբեր ոլորտների բժիշկների և առողջապահական փորձագետների։

Ասոցիացիայի Նախագահ, Աստղիկ ԲԿ-ի Կրծքագեղձի և վիրաբուժական ուռուցքաբանության ծառայության ղեկավար Գևորգ Ասլիբեկյանի խոսքով, բժշկությունն այսօր հաճախ զբաղվում է արդեն ձևավորված հիվանդությունների բուժմամբ, մինչդեռ բազմաթիվ դեպքերում հնարավոր է ազդել հիվանդության առաջացման կամ ընթացքի վրա՝ փոխելով մարդու առօրյա վարքագիծը։

Ապրելակերպի բժշկության ասոցիացիայի համահիմնադիր, մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծում է, որ այս ուղղությունը չի հակադրվում դասական բժշկությանը և չի առաջարկում հրաժարվել դեղորայքից կամ վիրահատություններից։

«Խոսքը ոչ թե բուժումը փոխարինելու, այլ այն լրացնելու մասին է։ Գիտական բազմաթիվ տվյալներ ցույց են տալիս, որ քնի որակը, սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը և վնասակար սովորույթների վերահսկումը կարող են էական ազդեցություն ունենալ հիվանդությունների կանխարգելման և բուժման արդյունքների վրա», - նշում է նա։

Մասնագետների գնահատմամբ՝ հատկապես ոչ վարակիչ քրոնիկական հիվանդությունների աճի պայմաններում առողջապահական համակարգերի համար առաջնահերթ է դառնում կանխարգելման մշակույթի ձևավորումը։

Քննարկումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց վնասակար սովորույթներին, մասնավորապես՝ ծխելուն, որը շարունակում է մնալ բազմաթիվ ծանր հիվանդությունների ռիսկի հիմնական գործոններից մեկը։ Բժիշկները նշում են, որ ապրելակերպի բժշկությունը կարող է կարևոր դեր ունենալ ինչպես քաղցկեղի, այնպես էլ սրտանոթային, նյութափոխանակային և այլ քրոնիկական հիվանդությունների ռիսկերի նվազեցման և կառավարման գործում։

Ապրելակերպի բժշկությունը հիմնված է վեց առանցքային ուղղությունների վրա՝ հավասարակշռված սնունդ, կանոնավոր ֆիզիկական ակտիվություն, որակյալ քուն, սթրեսի կառավարում, վնասակար սովորույթների ռիսկերի նվազեցում և առողջ սոցիալական կապերի ձևավորում։

Ասոցիացիայի հիմնադիրները վստահ են, որ եթե այս սկզբունքները դառնան ոչ միայն տեսական գիտելիք, այլ նաև բժշկական պրակտիկայի մաս, ապա հնարավոր կլինի զգալիորեն բարելավել բնակչության առողջական վիճակը և նվազեցնել բազմաթիվ հիվանդությունների բեռը։

Ինչու՞ առողջ ապրելակերպի մասին գիտելիքը դեռ չի վերածվում գործնական արդյունքի