Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ են
22/07/2026 12:29

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ են

Հուլիսի 20-ից ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը՝ որպես հաստատության ասոցացված գործընկերներ։

Հայտնում են ՊՆ-ից։

Նշվում է, որ հիմք ընդունելով Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի հունիսի 11-ի առաջարկը՝ քոլեջի ղեկավար կոմիտեն հուլիսի 3-ին միաձայն հաստատել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի թեկնածությունները՝ շնորհելով քոլեջի ասոցացված գործընկերոջ կարգավիճակ։ Այնուհետև հարցը լռության ընթացակարգով ներկայացվել է Եվրոպական միության անդամ պետությունների հաստատմանը։ 

ՊՆ-ից հիշեցնում են, որ ավելի վաղ՝ հունիսի 10-11-ը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ Եվրոպական հանձնաժողովի կենտրոնակայանում, մասնակցել էր Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել էր ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանին և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային քոլեջի ասոցացված գործընկերոջ կարգավիճակ շնորհելու առաջարկը։