.jpg)
«Ժողովուրդ». Ինչպես է տարիների ընթացքում փոխվել ՔՊ-ական Նարեկ Ղահրամանյանի գույքը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 64 մանդատ, ինչի շնորհիվ ՔՊ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը ևս պահպանելու է իր պատգամավորական մանդատը և կլինի նոր ձևավորվող Ազգային ժողովի կազմում։ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է, թե ինչպես է տարիների ընթացքում փոխվել պատգամավորի գույքը, եկամուտներն ու դրամական միջոցները՝ սկսած 2020 թվականից մինչև 2025 թվականը։
Հիշեցնենք, որ Նարեկ Ղահրամանյանը 2018 թվականի հուլիս-հոկտեմբերին եղել է Կապան խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
2020-2021 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով), «Իմ քայլը» խմբակցության անդամ։
2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։
Հիշեցնենք նաև, որ 2023 թվականին ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը զրկվել էր վարորդական իրավունքի վկայականից՝ հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով։ Մամուլը գրել էր, որ պատգամավորը, իր մեքենայով տեղափոխելիս, եղել է ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավորի՝ Ռուստամ Բաքոյանին, և ընկել է պարեկների կողմից իրականացվող ստուգման շրջանակում։
«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2020-2025 թվականներին պատգամավորի հիմնական անշարժ գույքը գրեթե չի փոխվել. բոլոր տարիներին նա հայտարարագրել է Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում գտնվող հողամասը։ Մինչև 2025 թվականը նրա միակ մեքենան եղել է 2008 թվականի արտադրության Audi-ն, որը 2025 թվականին վաճառել է 5 մլն դրամով և նույն տարում ձեռք բերել 2021 թվականի արտադրության Mazda՝ 6.5 մլն դրամով։ 2023 թվականին առաջին անգամ հայտարարագրել է «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ընկերությանը տրամադրված 32.2 մլն դրամ անտոկոս փոխառություն, որը պահպանվել է նաև 2024 և 2025 թվականներին։ Նրա տարեկան եկամուտները 2020 թվականի 910 հազար դրամից աճել են մինչև 2025 թվականի 20.6 մլն դրամ, իսկ 2023 թվականին ընդհանուր հայտարարագրված եկամուտը հասել էր շուրջ 46.9 մլն դրամի՝ ներառելով նաև բանկից ստացված 32.2 մլն դրամ փոխառությունը։ 2024 թվականից նա նաև հայտարարագրել է բնակարանի ձեռքբերման իրավունքի համար ստացված շուրջ 31 մլն դրամ վարկ, իսկ 2025 թվականին բանկային հաշվի մնացորդը զգալի աճել է՝ հասնելով ավելի քան 2.1 մլն դրամի»։