Հանրակրության ոլորտում կրթությունն աղետալի վիճակում է, դիմորդները չեն կարողանում հաղթահարել հասարակ քննություններ, 258 անվճար թափուր տեղ է մնացել. Մխիթարյան
Այսօր, 14:51

Հանրակրության ոլորտում կրթությունն աղետալի վիճակում է, դիմորդները չեն կարողանում հաղթահարել հասարակ քննություններ, 258 անվճար թափուր տեղ է մնացել. Մխիթարյան

Այս  տարվա ընդունելության քննությունները ցույց տվեցին, որ այն միտումը, որն ունենք վերջին 5-6 տարվա ընթացքում՝ և՛ դիմորդների թիվն է պակասում, և՛ ԲՈւՀ ընդունվողների թիվը, շարունակվեց, Aysor.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ այս տարի վատ իմաստով ևս մեկ ռեկորդ է գրանցվել. «ԲՈՒՀ ընդունվողների թիվն ավելի պակաս է, քան 10 հազարը։ 2021 թվականին ունեցել ենք 17.200։ Թիվը տարեցտարի պակասել  է։ Երկրորդ տխուր թիվն այն է, որ ԲՈւՀ-եր դիմողների ընդամենը 58.4 տոկոսն է կարողացել դրական գնահատական ստանալ երկու քննությունից և ընդունվել։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ այս դիմորդները  դպրոցների լավագույներն են և նրանց զգալի մասը նաև կրկնուսույցների մոտ է պարապել, սակայն տեսնում եք, թե արդյունքներն ինչքան տխուր են»։

 Ըստ մասնագետի՝ այս ամենը մի քանի գործոնով է պայմանավորված. «Առաջինը, որն ուղիղ կապ ունի դիմորդների թվի նվազման հետ, ժողովրդագրությունն է։ Երիտասարդների թիվը կամաց-կամաց պակասում է և դա ցույց են տալիս նաև պաշտոնական տվյալները, որով ամրագրվում են, թե տարեկան քանի երեխա է ծնվում։ Այս տարի՝ անցած տարվա համեմատ, եթե չեմ սխալվում, մոտ 10 տոկոսով ավելի քիչ երեխա է ծնվել»։

Երկրորդ գործոնը, ըստ Մխիթարյանի, այն է, որ շատ երիտասարդներ դեռևս դպրոցական տարիքից հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից և մեկնում այլ երկրներ՝ կապված բանակում ծառայության խնդրի հետ. «Սա ևս բերում է նրան, որ դիմորդների թիվը պակասում է, բնականաբար՝ նաև ընդունվողների»։

Իսկ երրորդ գործոնը, Մխիթարյանի գնահատմամբ, հանրակրության ոլորտում կրթության աղետալի վիճակն է. «Դա նշանակում է, որ կրթության որակը դպրոցներում այնքան է ընկել, որ ավարտող շատ դիմորդներ չեն կարողանում հաղթահարել և յուրաքանչյուր քննությունից ստանալ առնվազն 7.58 բալ, որպեսզի կարողանան ընդունվել։ Այս տարի աննախադեպ 258 անվճար տեղ չզբաղեցվեց, թափուր մնաց, իսկ ընդհանուր թափուր մնացած տեղերը 3100-ն է։ Այսինքն՝ դպրոցից եկածները չեն կարողանում հաղթահարել հասարակ քննությունները, որպեսզի դրական գնահատական ստանան։ Սա ուղղակի աղետալի չափերի է հասել։ Սա նշանակում է, որ այն «բարեփոխումնեը», որոնք գործող կառավարությունն իրականացրել է վերջին տարիներին, բերել են միայն այն արդյունքին, որ կրթության որակն անկում է ապրել, բարձրագույն կրթություն ստացողների թիվը մոտ երկու անգամ պակասել է»։

 Կրթության փորձագետի խոսքով՝ ինքը պատասխանատու կառույցների կողմից չի տեսել այն անհանգստությունն այս հարցի վերաբերյալ, որը պետք է ունենային այս իրավիճակում. «Այս ամբողջի վրա ազդում է որոշում կայացնողների ոչ կոմպետենտությունը։ Եթե նրանք գոնե մի փոքր կոմպետենտ լինեին, կկարողանային այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կնպաստեին բարձրագույն կրթության բարելավմանը, զարգացմանը, դասախոսների արտահոսքի կասեցմանը»։

Հեղինակ`Դուսյա Ղազարյան