.png)
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում. Տեր Զարեհի արձագանքը՝ Ռուբեն Հախվերդյանին
Վաղուց այն տպավորությունն է, որ «Հայկական ժամանակը», «բարենորոգվելով», լրատվամիջոցից վերածվել է Եկեղեցու դեմ հերթապահ բամբասանքների «բեսեդկայի», այս մասին գրել է Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։
«Ասես բոլոր խոսողների սցենարիստը նույն մարդն է, իսկ բառապաշարը վերցված է մեկ ընդհանուր՝ վաղուց մաշված պահոցից։
Այս անգամ խոսափողը տրամադրվել է սույն պարոնին (նկատի ունեի Ռուբեն Հախվերդյանին-հեղ.), որը, կարծես, որոշել է, թե «արվեստագետ» կոչումը բավարար արտոնագիր է՝ Եկեղեցու հասցեին հերյուրանք, կեղծիք ու բամբասանք հնչեցնելու համար՝ իրեն բնորոշ անպարկեշտ ու գռեհիկ մեկնաբանություններով հանդերձ։
Կարելի էր բացատրել, թե ինչ են նշանակում «ուղղափառ», «կաթողիկե» և «առաքելական» հասկացությունները։ Բայց բացատրությունն իմաստ ունի այնտեղ, որտեղ մարդը եկել է հասկանալու, ոչ թե եթերային ձևաչափով վերարտադրելու մոտակա գինետան սեղանի շուրջ ծնված հերթական ցնդաբանությունը։
Եվ խնդիրը ամենևին խելքի պակասը չէ։ Պարզապես սթափ դատողության նշույլ գտնելն այս խոսքի մեջ նույնքան դժվար է, որքան՝ փաստը «Հայկական ժամանակի» եթերներում։
Ի վերջո, սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում, գռեհկությունը՝ համարձակություն, իսկ արվեստագետի կենսագրությունը՝ անպատասխանատվության ինդուլգենցիա։
Խոսափողը կարող է ուժեղացնել ձայնը, բայց, ավաղ, չի կարող մեծացնել ասվածի արժեքը»,- նշելէ Տեր Զարեհը։