.jpg)
«Հավատքի մեջ ամուր մնացեք». Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է վերաօծման 12-րդ տարեդարձը
Այսօր՝ հոգևոր մեծ ուրախությամբ և օրհնությամբ, Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է եկեղեցու վերաօծման 12-րդ տարեդարձը։
Տոնական Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում առանձնահատուկ օրհնություն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում պահվող Հիսուս Քրիստոսի Սուրբ Խաչափայտի մասունքի ներկայությունը, որը Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, թեմում ձևավորված բարի ավանդույթի համաձայն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կրկին բերվել էր Արագած՝ հավատացյալների երկրպագության և օրհնության համար:
Սուրբ Պատարագը մատուցել է Արագածի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը։
Սուրբ Պատարագին խոսված իր քարոզում Տեր Հայրը խոսել է քրիստոնեական սիրո, միմյանց հանդեպ հոգատարության և Աստծուն հաճելի կյանքով ապրելու կարևորության մասին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հավատացյալ իր առօրյա կյանքով կոչված է վկայելու Քրիստոսի սերն ու Ավետարանի պատգամները։
Տեր Մաղաքիան անդրադարձել է քրիստոնեական արժեքների պահպանմանը, հավատքի մեջ ամուր մնալուն և մեր սրբությունների հանդեպ ակնածանք ու նվիրում ունենալուն՝ որպես հայ քրիստոնյայի հոգևոր կյանքի անբաժանելի մաս։
Պատարագիչ հոգևորականը որդիական սիրով և երախտագիտությամբ իր շնորհակալությունն է հայտնել ազգիս շնորհազարդ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես նաև Արագածոտնի թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին:
Սուրբ Պատարագին ներկա և աղոթակից էին հոգևորականներ, եկեղեցու բարերարներ, բազմաթիվ ուխտավոր հայորդիներ և հավատացյալներ:
Պատարագի ավարտին կատարվել է Անդաստանի հանդիսավոր արարողություն՝ Սուրբ Խաչափայտի մասունքով օրհնվել է աշխարհի չորս կողմերը, աղոթք բարձրացվել առ Աստված՝ եկեղեցու անսասանության, հայրենիքի խաղաղության, հայ ժողովրդի բարօրության և աշխարհի խաղաղության համար։
Օրվա տոնական խորհուրդն առավել ամբողջացրել են Արագածի մշակույթի տան սաների գեղեցիկ մշակութային կատարումները, ավարտին հավատացյալներին մատուցվել է նաև սիրո ճաշ: