Իշխանությունն ակնկալում էր, որ ՌԴ սահմանափակումները կավարտվեն ընտրություններից հետո, բայց սպասումները չարդարացան. Տնտեսագետ
Այսօր, 12:02

Իշխանությունն ակնկալում էր, որ ՌԴ սահմանափակումները կավարտվեն ընտրություններից հետո, բայց սպասումները չարդարացան. Տնտեսագետ

 Երեկ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների հարցը կարգավորելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ նախընտրական փուլում Փաշինյանը տնտեսվարողներին հորդորեց չանհանգստանալ՝ կառավարությունը սուբսիդավորում կտա, ապրանքներն էլ կարտահանեն ԵՄ շուկա։

Տնտեսագետ Աղասի Թավադյանի գնահատմամբ՝ մեր շուկան պետք է դիֆերսիֆիկացվի։

«Այնպես չէ, որ մեր արտադրանքը պետք է միայն ՌԴ շուկայի համար լինի, սակայն եթե մենք  խոսում ենք սանկցիաների տակ գտնվող ապրանքների մասին, ապա դրանք՝ միջինը 90 տոկոսը նախատեսված է եղել ՌԴ շուկայի համար։ Ի սկզբանե, հաշվարկն այն է, որ այս  սանկցիաները կլինեն մինչև ընտրությունների ավարտը և դրանից հետո իրավիճակը կհանդարտվի, սակայն տեսնում ենք, որ այն շարունակվում է և այս իրավիճակը ձեռնտու չէ մեր կառավարությանը, որի մասին խոսում է նաև այդ հեռախոսազրույցը», -Aysor.am-ի հետ զրույցում ասաց Թավադյանը։

Նա ընդգծեց՝ կորիզավոր մրգերի սեզոն է և դրանց 94 տոկոսը նախատեսված է ՌԴ շուկա արտահանելու համար. «Լոլիկի արտահանումն էլ, կտրած ծաղիկների մոտ 95 տոկոսն էլ նախատեսված է ՌԴ-ի համար։ Տնտեսվարողները չեն նախատեսել, որ իրենց ապրանքները կարտահանեն ԵՄ,  դրանք ԵՄ շուկայի ստանդարտներին և այլ պահանջներին չեն բավարարում։ Բացի այդ, այստեղ կան նաև  ճանապարհային խնդիրներ։ Կան դեպքեր, երբ ուղարկվել են դեպի ԵՄ շուկա, սակայն ճանապարհին փչացել են»։

 Թավադյանը շեշտեց՝ մեր տնտեսվարողները որոշ դեպքերում հնար են գտել՝ իրենց ապրանքը ՌԴ շուկա  արտահանելու. «Նրանք դա անում են Վրաստանի միջոցով։ Տանում են այնտեղ, անվանափոխում են վրացական արտադրանքի տակ, մաքսատուրքով ուղարկում են դեպի ՌԴ, որը հավելյալ ծախսեր է առաջացնում։ Բացի այդ,  համաշխարհային շուկայում ռուբլին արժեզրկվել է և տնտեսվարողների պոտենցիալ կորուստները շատ են»։

 Նա նաև արձանագրեց, որ 2018 թվականից ի վեր ՀՀ կապը ԵԱՏՄ-ի հետ էլ ավելի է ամրապնվդել.«Մեր արտահանումը  դեպի ՌԴ, ԵԱՏՄ այս 8 տարիների ընթացքում աճել է գրեթե 8 անգամ, իսկ դեպի ԵՄ շուկա նույնն է մնացել, նույնիսկ 1 տոկոսով անկում կա։ Սա նույնպես խոսում է այն մասին, որ մեր կառավարությունը հիմնական աճի վեկտորը, անկախ քաղաքական հայտարարությունից,  ուղղել է դեպի ԵԱՏՄ շուկա և այս պահին արտառոց իրավիճակում է, հակառակ դեպքում այլ տենդենց կգրանցեինք»։

 Դիտարկմանը՝  այդ դեպքում ինչու էին նախընտրական փուլում նման հայտարարություններ անում, արդյո՞ք հաշվի չէին առել այդ ամենը, մասնագետն արձագանքեց. «Կառավարության հիմնական ակնկալիքն էր, որ այս սահմանափակումները կտևեն մինչև ընտրությունները և դրանից հետո կմարեն, սակայն ակնկալիքները չարդարացան»։

 Ինչ վերաբերում է կաթնամթերքի մասով սանկցիաներին, Թավադյանը նշեց, որ այն ընդհանուր արտահանման մեջ այդքան մեծ տեղ չի զբաղեցնում. «Հիմնականում տուժում են միրգ արտահանողները, կտրած ծաղիկ արտահանողները և ձկնամթերք արտահանողները։ Կտրած ծաղիկների բիզնեսը զարգացել է  ՌԴ շուկա արտահանելու համար, իմաստ չունի այն ԵՄ արտահանելու։ ՌԴ եվրոպական ծաղիկները մուտք չունեն սանկցիաների պատճառով, մենք եվրոպական սոխուկները բերում ենք Հայաստան, այստեղ աճեցնում ենք և ուղարկում ենք ՌԴ, այդ տեսանկյունից բավականին շահույթ բերող բիզնես է։ Եթե այս խնդիրը չլուծվի, մեր ծաղկի բիզնեսը, որը բավականին մեծ աճ է գրանցել,  մեծ խնդիրների առաջ կկանգնի։ Երկրորդը ձկնաբուծությունն է, որը նույնպես մեծ խնդիրների առաջ է կանգնած և կարելի է ակնկալել, որ տարվա վերջում, երբ այս ամենը ամփոփվի, ձկնաբուծարանների  մեծ մասը փակված կլինի»։

Հեղինակ`Դուսյա Ղազարյան